Մենք լարվածության մեջ չենք, սա ինձ համար սովորական հինգշաբթի օր է աշխատանքային։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։
NEWS.am–ի թղթակցի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ասում էր, որ մենք նրանց ձեռքերը կջարդենք, ոտքերը կջարդենք, ողջունում էր ՔՊ–ի գործողությունները, արդյոք սա չի նշանակում է, որ սրանով կանաչ լույս է վառում ՔՊ–ի առջև, ցանկացած ռեպլիկի կամ որևէ լարվածության դեպքում կարող են գնալ ուժ կիրառելու ճանապարհով՝ հաշվի առնելով, որ ՔՊ–ականները ԱԺ–ում քանակով շատ են, արդյոք սրանով վարչապետը անհամար իրավիճակի մեջ չի դնում ԱԺ նախագահին, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Խնդիրը ռեպլիկների մեջ չի, ամիսներ շարունակ ՔՊ–ի մեր գործընկերները իրենց պահել են շատ զուսպ, նույնիսկ երբ նույն Նարեկ Կարապետյանը վիրավորել է մեր պատգամավորին։ Մեր գործընկերները, այդ թվում ականջալուր լինելով իմ ներողամիտ լինելու հորդորներին, ներողամիտ են եղել, բայց երբ այս ամեն ինչը հասել է մի կետի, երբ մեր ընդդիմադիր գործընկերները մեր բարեկրթությունը թուլության տեղ են դրել և սկսել են ծեծկռտուք, եղել է այն, ինչ եղել է։
Ամոթ է, որ խմբակցության ղեկավարը իրեն նման վարք է թույլ տալիս ու չի կարողանում իրեն տիրապետել։ Պետք է տիրապետի, բոլորը իրենց պետք է տիրապետեն»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։
Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։
Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։











