Ես իր հետ աշխատողներից եմ, մեր համագյուղացի է ամենալավ տղեն ա եղել, 50 տարեկան կլիներ, իրենք երկուսով այստեղ էին աշխատում, ես տեխնիկայով վերևում էի աշխատում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, Գաջեգործների փողոցում տեղի ունեցած փլուզման վայրում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատակիցներից Բաղդասար Փինաչյանը՝ պատմելով դեպքի մասին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։
«Ես 30 մետր հեռավորության վրա էի, բարձոլտային կաբել էր անցնում, ես բահով մաքրում էի, որ վնաս չտան։ Մեկ էլ ձայն տվեցին, մեկ էլ տեսնեմ, որ էնտեղ մի տարիքով մարդ կանգնած է՝ ոտքերը երկու պանելների միջև։ Վազեցի, տեսա, որ մնացել է արանքը։
Ասեցի՝ բա Վալերն ո՞ւր ա, ասեց՝ տակն ա։ Սկսեցի ձայն տալ, 10 անգամ ձեն եմ տվել, չէի կարողանում գտնել։ Ուզում էի մտնել մեջը, հետո տեսա, որ տեղ չկա մտնելու։
Տախտակ բերեցի, մտցրեցի արանքը, որ էդ մարդու ոտքերը չկտրվի։ Հետո տեսա, որ երեխու ձեռքը հողից դուրս եկած էր»,–հուզված ասաց նա՝ հավելելով, որ ինքն ու մահացողը Կոտայքի մարզի Արզնի գյուղից են։
«Վիրավորին հանեցին, տեղափոխեցին «Էրեբունի» հիվանդանոց. «Վիրավորի անունը Խաչիկ էր, ես իրեն ջուր եմ տվել, տախտակն եմ մտցրել, որ ոտքը ազատվի։ Ուշքը տեղն էր, իրեն պահում էր։ Շտապօգնությունը արագ եկել է»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած։
Նրանցից մեկը, ցավոք, մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։











