Օնլայն տաքսիների վարորդները հաճախ են բողոքում սակագների բարձրացումից։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից այդ պաշտոնում առաջադրված թեկնածու Շուշան Սարգսյանին։

Նրա խոսքով՝ շուկայում առկա է մենաշնորհային դիրք։

«Այս ոլորտում, փաստորեն, բացակայում են սակագների կարգավորման մեխանիզմները։ Ի՞նչ առաջարկներ եք մտադիր ներկայացնել Ազգային ժողովին՝ այս մարդկանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար», - հարցրել է Կարապետյանը։

Սարգսյանը պատասխանել է, որ անհրաժեշտ է համարում համապատասխան մեխանիզմների ներդրումը։ Նա նաև ենթադրել է, որ մոտ ապագայում այս ուղղությամբ համապատասխան աշխատանք կկատարվի։

Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ սա առաջնահերթ խնդիրներից է։ Նրա խոսքով՝ պատգամավորները կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ օնլայն տաքսի ծառայությունների վարորդներին արժանապատիվ եկամուտով ապահովելու հարցը լուծելու նպատակով։