Մենք բաց և հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունները TRIPP նախագծի հնարավոր սցենարների առնչությամբ։ Միևնույն ժամանակ վստահ ենք, որ կառուցողական մթնոլորտում կկարողանանք համատեղ կառավարել այս առումով ցանկացած մարտահրավեր։ Այդ մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մեզ համար կարևոր է, որ TRIPP նախագծի կամ ցանկացած այլ հարցի քննարկման ընթացքում հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Կարևոր է նաև, որ որևէ երրորդ կողմ չկարողանա մարտահրավեր ստեղծել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական հարաբերությունների համար։ Մեր այս մոտեցմանը հավատարիմ ենք մնալու երկու երկրների միջև քննարկումների և հետագա աշխատանքի ընթացքում։
Վստահ եմ, որ մշտական շփումների արդյունքում կկարողանանք լուծել ցանկացած հարց»,- նշել է Շիրղոլամին։
Նա հավելել է, որ Իրանը ցանկանում է, որ ստեղծվի ձևաչափ, որի շրջանակում հնարավոր կլինի քննարկումներ անցկացնել Հայաստանի հետ։ Դիվանագետի համոզմամբ՝ դա կօգնի ցանկացած խնդիր առաջանալուն պես շատ արագ լուծել այն։
«Մենք կանխակալ մոտեցում չունենք, մենք լուրջ մտահոգություններ ունենք։ Հայաստանից ակնկալում ենք հավաստիացումներ, որ Իրանի և Հայաստանի սահմանին օտարերկրյա ուժեր չեն լինի, և ոչ ոք սահմանին ու հարակից տարածքներում չի կարողանա սպառնալիք ստեղծել Իրանի համար։
Հայաստանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հավաստիացրել են, որ նման նախադեպեր չեն լինի։ Հենց այս հարցում փոխադարձ վստահությունն ենք ընկալում որպես երաշխիք, որ այս նախագիծը չի շեղվի իր ընթացքից և սպառնալիք չի ստեղծի Իրանի համար»,- ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ այս նախագծի տեխնիկական հարցերը քննարկման փուլում են, և կարևոր է, թե դրա իրականացման ընթացքում ինչ մեխանիզմներ են կիրառվելու, քանի որ հենց այդ մեխանիզմների հիման վրա են ձևավորվում երաշխիքները, որ նախագծի շրջանակում կպահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքը։
«Հենց այս մեխանիզմները պետք է երաշխիք լինեն, որ չի ստեղծվի որևէ միջանցք, որը դուրս կլինի երկրի իրավազորությունից։ Կարևոր են նաև երաշխիքները, որ այս նախագծի շրջանակում օտարերկրյա ուժեր չեն լինի։
Հուսով ենք՝ կառավարությունն այս մեխանիզմները մշակելիս զգոն և զգուշավոր մոտեցում կցուցաբերի՝ ի շահ Հայաստանի»,- եզրափակել է դեսպանը։











