Նինբո նավահանգիստը համարվում է աշխարհում ամենածանրաբեռնվածը. տարեկան դրանով անցնում է ավելի քան 1,4 միլիարդ տոննա բեռ։ NEWS.am-ի թղթակիցն այցելել է այս հսկայական ծովային հանգույցը և անձամբ գնահատել մոլորակի գլխավոր առևտրային զարկերակի մասշտաբները։

«Նինբո-Չժոուշան» նավահանգստային համալիրը բեռնաշրջանառության ծավալով արդեն 17 տարի անընդմեջ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ կոնտեյներային փոխադրումների ծավալով հաստատուն կերպով պահպանում է երրորդ հորիզոնականը՝ տարեկան սպասարկելով ավելի քան 43 միլիոն կոնտեյներ։

Ծովային այս հսկան ունի առանցքային ռազմավարական նշանակություն և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համաշխարհային երթուղու կարևորագույն խաչմերուկն է, ինչպես նաև Յանցզի գետի տնտեսական գոտու հարավային թևը։

Նավահանգստային համալիրը միավորում է 20 մասնագիտացված գոտի և ունի ավելի քան 200 խոշոր խորաջրյա նավամատույց։ Ջրատարածքի խորությունը թույլ է տալիս ընդունել աշխարհի ամենամեծ կոնտեյներատար նավերը, գերխոշոր լցանավերն ու 400 հազար տոննա տարողությամբ հանքաքարատար նավերը։ Օրինակ՝ միայն Չուանշան նավահանգստային գոտում գործում են տասնյակ հզոր ամբարձիչներ, իսկ հենց այդ գոտու տարեկան ցուցանիշը գերազանցում է 12 միլիոն կոնտեյները։

Այստեղից ծովային երթուղիները Չինաստանը կապում են աշխարհի 200 երկրների և տարածքների ավելի քան 700 նավահանգիստների հետ՝ ապահովելով համաշխարհային առևտրի անխափան ընթացքը։

Դիանա Առուշանյան, Նինբո