Դուք բաց թողեցիք ձեր նշած բարեփոխումներից ամենակարևորը. անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սկսել են բիզնես փակել հարկեր թաքցնելու ենթադրյալ կասկածների պատճառով։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին։
Այսպես, պատգամավորի խոսքով՝ մի քանի ամսվա ընթացքում ընդդիմության ներկայացուցիչների հետ առնչություն ունեցող շուրջ 60 ձեռնարկություն է փակվել։ Ինչպես նշել է Խամոյանը, դրանք չեն գործում հարկեր թաքցնելու կասկածների պատճառով։
«Քննչական մարմինը պատասխանատվությունը գցում է ՊԵԿ-ի վրա, իսկ ՊԵԿ-ը՝ քննչական մարմնի։ Այսպիսով, մինչ օրս պարզ չէ, թե որն է այս ողջ գործընթացի իրավական հիմնավորումը։ Ես ձեզ հարցում եմ ուղարկել և կցել ցանկը։ Մասնավորապես խնդրել եմ հայտնել, թե ինչ գործողություններ եք ձեռնարկել ձեռնարկությունների փակման պահից մինչև իմ հարցման օրը։ Երբ հարցում ուղարկեցի քննչական մարմին՝ հետաքրքրվելով, թե ինչու է որոշվել փակել այդ ձեռնարկությունները, ինձ պատասխանեցին, որ դրանք փակել են միայն այն բանի համար, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա ապացույցների ձեռքբերմանն ուղղված վարութային գործողություններ իրականացնել։ Այն բոլոր ձեռնարկություններում, որոնք այսօր փակված են, ՊԵԿ-ը տարիներ շարունակ ստուգումներ է իրականացրել։ Այդ ի՞նչ էիք ստուգում և ի վերջո ի՞նչ չէիք հայտնաբերել, որ քննչական մարմինը ստիպված եղավ գալ ու ձեր փոխարեն փակել այդ ձեռնարկությունները, որպեսզի դուք հետո հանգիստ գնաք և այնտեղ ինչ-որ բան գտնեք։ Ի՞նչ է նշանակում «ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ»։ Դուք ինձ պատասխանել եք, թե դա պետական գաղտնիք է։ Լո՞ւրջ։ Դուք ընդհանրապես ոչ մի գործողություն չեք ձեռնարկել։ Խնդիրն այն չէ, որ ՊԵԿ-ն ապացույցներ հավաքելու նպատակով քննչական գործողություններ իրականացնի. հարցը միայն տվյալ ձեռնարկությունները փակելու անհրաժեշտության մեջ էր», — ասել է Խամոյանը։
Ի պատասխան՝ պաշտոնյան հայտարարել է.
«Դուք խոսում եք բիզնես փակելու մասին։ Բայց ավելի տեղին կլիներ հարցնել՝ ինչպե՞ս ստացվեց, որ տարբեր ձեռնարկություններում ստվերային գործունեության այդպիսի մեծ ծավալ հայտնաբերվեց։ Ինչպե՞ս դա բացահայտեցիք և ե՞րբ։ Եվ ո՞վ է ասել, որ մասշտաբային ստվերային գործունեություն հայտնաբերելու դեպքում բիզնեսը չպետք է փակվի կամ չպետք է իրականացվեն ավելի կոշտ գործողություններ, քան նրանք, որոնք կիրառվում են առավել հավասար կանոնների պայմաններում»։
Անդրադառնալով տեղեկատվություն չտրամադրելու հարցին՝ ՊԵԿ նախագահն ասել է.
«Չէ՞ որ հասկանալի է՝ այս կամ այն քրեական գործի շրջանակներում իրականացվող գործողություններն ըստ էության գաղտնիք են»։











