Տեսչական մարմինը տվել է կարգադրագիր ջրօգտագործումը դադարեցնելու, և խմելու, և կենցաղային նպատակներով՝ հաշվի առնելով առկա ռիսկը, որը տվյալ պահին եղել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ տեսչական մարմինը երկու ամսով արգելել է ջրի օգտագործումը Սյունիքի մարզի Ծավ գյուղում՝ հայտարարելով ջրի մեջ սնդիկի առկայության մասին, սակայն երկու ամիս անց նշվեց, որ ամեն ինչ նորմալ է, կարելի է ջուրն օգտագործել։
«Լիազոր մարմնի հրապարակման մեջ նշվել է, որ միջգերատեսչական համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, լրացուցիչ փորձաքննություններ են արվել մի քանի պարբերականությամբ, որի արդյունքում եկել ենք այդ եզրակացության։
Այսինքն, ի՞նչ է ստացվում, ունեցել ենք առաջնային տվյալ, որի հիման վրա առաջնորդվել ենք, հետո ժամանակի ընթացքում մենք ունեցել ենք այլ տվյալ, որը նույնպես համոզվել ենք նոր ենք հրապարակել, դրա հիման վրա կարգադրագիրը հանում ենք։
Այսինքն դուք առաջարկում եք, որ եթե մենք ունենք առաջնային տվյալ, որ կա սնդիկ, ասենք՝ ոչինչ, թող հանրությունը խմի, երկու ամսից մի հատ համոզվենք, որ եթե մաքուր է ջուրը, և էլ ջրօգտագործմաբն կասեցման կարգադրագիր չտա՞նք»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ երկու ամիս տևեց այդ ստուգումը, որի հետևանքով մարդիկ երկու ամիս զրկված էին ջրից, Սլավիկ Սարգսյանը պատասխանեց. «Երկար տևեց, որովհետեւ համապատասխան բազմաբնույթ փորձաքննություններ են իրականացվել, մի քանի անգամ պարբերականությամբ, որպեսզի երբ հանրությանը ասենք՝ կարող եք օգտվել այդ ջրից, վստահ լինենք, որ ոչ մեկ խնդիր չկա»։
Ինչ վերաբերում է Բյուրեղավանում և էլի մի քանի բնակավայրերում ջրի հետ կապված խնդիրներին, որի հետևանքով թունավորման դեպքեր են գրանցվել, տեսչական մարմնի ղեկավարն ասաց. «Բոլոր դեպքերով և նաև բոլոր քաղաքացիների դիմումներով տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում։ Բյուրեղավանի դեպքում վերահսկողություն դեռ ավարտված չէ, չնայած, որ փորձագիտական կենտրոնը ամենօրյա ռեժիմով փորձաքննություններն իրականացնում է ևա րդյունքները փոխանցում է մեզ։
Մենք կարող էինք վերջին մաքուր արդյունքի դեպքում հայտարարել, որ վարույթ ավարտում ենք ու վերջ, բայց հաշվի առնելով, որ այդտեղ մի քանի անգամ դեպք է եղել, մենք դեռ չենք ավարտել վարույթը՝ չնայած երկարատև ժամանակ է, արդեն մաքուր է գալիս արդյունքը։
Մաքուր արդյունք ստանալուց հետո անցել է շուրջ 2 ամիս, բայց մենք վարույթը չենք կարճում։ Այսինքն տեսչական մարմինը իր լիազորությունների շրջանակում ամբողջությամբ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի վստահ լինենք, որ կարողանում ենք վերահսկել, որ հանրությունը մաքուր ջրով ապահովվի»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ սեպտեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրի մեջ սնդիկի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի շեմը և անվտանգ չէ, իսկ սեպտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց հանգստացնել հանրությանը՝ հայտարարելով. «Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել»։
Դրանից երկու ամիս անց՝ հոկտեմբերի 28–ին, Առողջապահության նախարարությունը հայտարարեց. «Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար»։











