Հայաստանում կալանքը փաստացի կիրառվում է ոչ այնքան որպես պատիժ, որքան վերածվում է անմարդկային վերաբերմունքի։ Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին դիմելով՝ հայտարարեց խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ երկրի գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում առկա են հիմնարար խնդիրներ։ Ի պատասխան՝ Գալյանը հայտարարեց.
«Մենք չենք ասում՝ ««Նուբարաշենը» ավերվում է, ի՜նչ սարսափելի է»։ Մենք ասում ենք, որ այնտեղ հնարավոր չէ վերանորոգում իրականացնել այն ծավալով, ինչպես արվում է մյուս քրեակատարողական հիմնարկներում… Մյուս քրեակատարողական հիմնարկներում մենք ունենք միանգամայն նորմալ պայմաններ»։
Նա նաև նշեց, որ «Երևան-Կենտրոն» հիմնարկն ունի հատուկ կարգավիճակ, ինչը նախատեսված է եղել Կառավարության ռազմավարությամբ։
«Եթե դուք խոսում եք կոնկրետ մարդկանց, օրինակ՝ ձեր կուսակիցների պահման կոնկրետ պայմանների մասին, ապա եկեք դա հիմա այստեղ քննարկենք։ Ես կարող եմ հերթով պատմել նրանցից յուրաքանչյուրի պահման պայմանների մասին և նույնիսկ հայտնել, թե ստացված դիմումներն ուսումնասիրելուց հետո ինչ ընդառաջ քայլեր ենք ձեռնարկել այդ մարդկանց նկատմամբ»,- ասաց արդարադատության նախարարը։
ԱԺ փոխխոսնակը հակադարձեց.
«Ձեր պատասխանները, մեղմ ասած, մտահոգիչ են։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու մասին խոսվում է դեռևս 2019 թվականից, սակայն արդեն 2026 թվականն է, իսկ դուք շարունակում եք խոսել այն փակելու մասին։ Այդուհանդերձ, հիմնարկը շարունակում է գործել։ Դուք ասացիք, որ սեյսմիկ ուսումնասիրություններ եք իրականացրել, և շենքը կարող է փլուզվել։ Ընդ որում, դուք նույնիսկ տարրական կարեկցանք չեք դրսևորում։ Այնտեղ մարդիկ են գտնվում։ Դուք ասում եք. «Իսկ ի՞նչ անեմ, տանեմ մեր տո՞ւն, թե՞ տեղավորեմ ուրիշի տանը»։ Ներեցեք, բայց հենց դուք եք պատասխանատվություն կրում այդ հարցի լուծման համար»։











