Մենք հաշվարկել ենք, որ գազի գնի 10% աճն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա սպառողական ինդեքսի վրա. գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ ուղղակի ազդեցությունը ենթադրում է սպառողների համար գազի սակագնի անմիջական՝ 10%-ով բարձրացում։ «Բացի այդ, առկա է ավտոլցակայանների գործոնն ու էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի բաղադրիչը։ Այս ամենը հաշվի առնելով՝ գնաճը կկազմի 0,6%։ Դրանից զատ, հարակից ճյուղերում արտադրության վերջնական արժեքը կարող է աճել 0,1-0,2%-ով»,- հավելեց Գալստյանը։
Նա նկատեց, որ գազի ապագա գնի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, ուստի այս հարցի շուրջ որևէ կոնկրետ սցենար մշակելը վաղաժամ է։











