Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հայտարարել է տնային կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը հեռավար ձևաչափով ելույթ է ունեցել «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ։
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անձերով չէ պայմանավորված. դա վերաբերում է ողջ երկրին, որի բազմաթիվ քաղաքացիներ այսօր ենթարկվում են քաղաքական ճնշումների, գտնվում են բանտերում կամ տնային կալանքի տակ, կամ նրանց ազատ տեղաշարժն այլ կերպ է սահմանափակված»,- նշել է նա։
Գալստանյանն ընդգծել է քաղբանտարկյալների աննախադեպ մեծ թիվը՝ հավելելով, որ մեր մտքերում նաև Բաքվի բանտերում տառապող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Մեր իղձերը կապված չեն միայն քաղաքական փոփոխությունների հետ. անհրաժեշտ է նաև քաղաքակրթական ու բովանդակային վերափոխում, պետք է պայքարել հանուն մեր կյանքի իմաստի վերականգնման,- հիշեցրել է արքեպիսկոպոսը։
Գալստանյանի խոսքով՝ անհրաժեշտ է գործել երեք ուղղությամբ՝ բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերել հետապնդումների ենթարկվողների ընտանիքներին, տրամադրել իրավական օգնություն, թեև արդարադատությունն այսօր կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, և, անշուշտ, մղել փողոցային պայքար։











