Շենքը չի կարող իրեղեն ապացույց լինել, քանի որ այդ դեպքում կարելի է նաև փողոցը փակել, եթե այնտեղ հանցագործություն է տեղի ունեցել։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։

Նա նկատել է, որ որոշ դեպքերում շենքերը փակվում են ոչ թե մի քանի ժամով, ինչպես կարող է պատահել, այլ ամիսներով։

Այժմ գործնականում առնչվում ենք դեպքերի, երբ քննիչները կալանավորման միջնորդություններ են ներկայացնում նույնիսկ միջին ծանրության հանցագործությունների դեպքում։ Չե՞ք ցանկանում այս խնդրի վերաբերյալ ազդակ հաղորդել։ Մենք պետք է առաջնորդվենք ազատության կանխավարկածով։

Երբ մասնավոր ընկերության գործունեությունը կասեցվում է, դա հանգեցնում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ եկամուտների բացակայության։

Պողոսյանն իր հերթին նշել է, որ միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործերով կալանավորման միջնորդություն ներկայացնելու սահմանափակումներ չկան․ դրանք առկա են միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործերով։ «Ընդ որում, միջին ծանրության հանցագործությունների դեպքում կալանավորման միջնորդություն ներկայացնում ենք բացառիկ դեպքերում, եթե կասկած կա, որ անձը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի նախաքննությանը»,- ընդգծել է նա։

Վարդևանյանն ի պատասխան ասել է․ «Ստացվում է, որ երբ փաստաբանական գործունեությամբ էի զբաղվում, առնչվում էի բացառիկ դեպքերի»։

Նա նաև դեմ է արտահայտվել կալանքի մեկ օրը ազատազրկման երկու օրվա դիմաց հաշվարկելուն։