Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ այսօր կգաք Ազգային ժողով։ Կարծում էի, թե երեկվա ողբերգությունից հետո արդեն հրաժարական եք ներկայացրել։ Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
Պատգամավորը նկատի ուներ նախորդ երեկոյան Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած և 9 մարդու կյանք խլած ավտովթարը։
Ղազարյանի խոսքով՝ հենց Ներքին գործերի նախարարությունն է պատասխանատու վարորդական վկայականների տրամադրման, ավտոմեքենաների տեխնիկական վիճակի և տեսահսկման համակարգերով ճանապարհների վերահսկողության համար։
«Եվ այս ֆոնին՝ մեկ օրում ավտովթարի հետևանքով միանգամից ինը քաղաքացի է զոհվում։ Այս ոլորտի համար պատասխանատու նախարարը չի կարող և չպետք է զբաղեցնի իր պաշտոնը։ Նման դեպքի հաջորդ օրը նա պետք է հեռանար պաշտոնից։ Սակայն Կառավարության համար, կարծես թե, սա օրինաչափություն է դարձել. Ազատ գյուղում 15 զինծառայողի զոհվելուց հետո նախարարը շարունակեց պաշտոնավարել, 16 մարդու կյանք խլած «Սուրմալուի» պայթյունից հետո արտակարգ իրավիճակների նախարարը ևս մնաց իր տեղում։ Կարծում եմ՝ այսօր միակ հետևությունը, որ պետք է անեիք՝ այս մասշտաբային ձախողումն ընդունելն էր, հրաժարական ներկայացնելն ու պաշտոնից հեռանալը»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։
Ի պատասխան՝ Սարգսյանը հակադարձել է. «Առաջարկում եմ, որ եթե պատգամավորների ընդունած օրենքները որևէ օր և որևէ տեղ չկիրառվեն կամ չկատարվեն, նրանք ևս հրաժարական տան՝ ձեր գլխավորությամբ»։
Այս առնչությամբ Ղազարյանը նկատել է, որ պատգամավորների ընդունած օրենքների կիրարկումն ու պահպանման ապահովումը բացառապես գործադիր մարմնի և տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ՆԳՆ ղեկավարի ուղիղ պարտականությունն է։











