ԵԱՏՄ-ից մենք շատ պետք է օգտվեինք, բայց չենք օգտվել. Հայաստանը ոչ թե պիտի 450 տա, 250 ստանա, այլ արդարն այն է, որ Հայաստանը պիտի 900 ստանա՝ 450 տալով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մեղքն այն է, որ մեր բանակցողները այն ժամանակ Հայաստանի տնտեսական շահը չեն պաշտպանել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու պետության շահը որոշ շրջանակներ տասնամյակներ շարունակ գցել են գետնին, ինչ է թե ինչ-որ տեղ իրենց գլուխը շոյեն։

Երբ դու մտնում ես այդ միություն, դու իրավունք ունես բանակցես։ Եթե ինչ-որ պայմանով մտնում ես, բանակցության հնարավորությունը էապես կրճատվում է, որովհետև հինգ հոգի պետք է կոնսենսուս ունենան ինչ-որ հարցի շուրջ։ Օրինակ, համաձայն չեն, որ մեր մասնաբաժինն ավելանա։ Այդպիսի քննարկումներ եղել է տարբեր ժամանակներում։ Հայաստանը ԵԱՏՄ–ին անդամակցել է խայտառակ պայմաններով»,,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը դիմել է, որպեսզի դեպի ՌԴ հայկական ապրանքների մուտքի սահմանափակումները խոչընդոտ համարվեն, սակայն քննարկումը հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, Պապոյանն ասաց. «Քննարկումները մենք դնում ենք այն ժամանակ, երբ մեր փաստարկների ամրությունը և պատրաստվածությունը և արդյունքի դրական արդյունքի հավանականությունը հնարավոր ամենալավը կարող է լինել։ Ես օպտիմիստ եմ և կարծում եմ, որ նվազագույնը մեկ երկիր կօգտվի վետոյի իրավունքից, մենք էլ պիտի քննարկենք, հասկանանք դա։ Ես երբեք իլյուզիաներ չեմ ունենում»։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ից դուրս գալու հավանականությնը, նախարարն ասաց. «Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ-ում շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ»։

Դիտարկմանը, որ ռուսական կողմն ասում է՝ եթե գնում եք ԵՄ, դա մի արեք մեր հաշվին, դուրս եկեք ԵԱՏՄ–ից, Պապոյանն ասաց. «Ես էլ ասում եմ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, և Հայաստանը ԵԱՏՄ-ից պիտի ստանար ավելի շատ, քան ստանում է։ Հայաստանին չէր կարող ժամանակ տալ»։