ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցության արդյունքում Հայաստանը շատ մեծ օգուտ է ստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Քանի որ (էկոնոմիկայի նախարար) Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը երկու անգամ գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, կարծում եմ՝ դա խոսում է այն մասին, որ ինքը՝ Պապոյանը, երկու անգամ հետ է մնացել համաշխարհային ցուցանիշներից։ Նրա խոսքերն իրականության հետ որևէ կապ չունեն։ Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենի հետևանքները կրելու են շարքային քաղաքացիները։ Շատ պարզ հարց տամ․ վերջին 8 տարիներին իշխանության եք եղել դուք, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պահպանել եք դուք, հենց դուք եք պարբերաբար հայտարարել հիանալի հարաբերությունների մասին, հայտարարել Պուտինի հետ հեռախոսազրույցների մասին և այլն։ Թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքը ձեր վաստակն է։ Նոր դպրոցները, կենսամակարդակի բարելավումը կամ վատթարացումը՝ ամեն ինչ ձեր վաստակն է։ Բայց բանակում 35 մահը նույնպես ձեր աշխատանքի հետևանքն է, և պատերազմի համար պատասխանատու եք դուք։ Հիմա սպառնալիք կա, այն ակնհայտ է։ Կան կոնկրետ ուղերձներ, որոնց մի մասն ինձ էլ է տհաճ, որովհետև մեր երկրի պաշտոնատար անձին՝ Լուսինե Բադալյանին, իմ կարծիքով՝ շատ նվաստացուցիչ ձևով թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ։ Մյուս կողմից, երբ Շիրակի մարզպետը հայտարարություն է անում՝ հասկանալով, որ իր խոսքերում կան (սադրիչ) տարրեր, պետք է հասկանա, որ պատասխան է լինելու։ Երբ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ են անում, նրանք պետք է հասկանան, որ պատասխան է լինելու», - նշել է Մանուկյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցության արդյունքում Հայաստանը շատ մեծ օգուտ է ստանում։ «Վերջին շրջանի պատժամիջոցների կամ սահմանափակումների համար նույնպես պատասխանատվություն են կրում իշխանությունները», - հայտնել է Մանուկյանը։

Նա հիշեցրել է, որ ամեն ինչի համար վճարում են քաղաքացիները, իսկ պաշտոնյաները պարտավոր են ծառայել ժողովրդին, քաղաքացիների ծախսածը վերադարձնել հանրային բարիքների տեսքով։ Ի պատասխան մեղքը «նախկինների» վրա բարդելու փորձերի՝ Մանուկյանը կրկին հիշեցրել է, որ «ՔՊ»-ն իշխանության է արդեն 8 տարի, այսինքն՝ նրանք արդեն և՛ նախկին են, և՛ ներկա։ «8 տարում չհասկացա՞ք, որ խնդիրներ կան։ Լավ, առաջին տարում չհասկացաք, նորեկ էիք, դիլետանտներ։ Երկրորդ տարում հայտարարեցիք, որ պրոֆեսիոնալներ եք։ Երրորդ տարում ձեզ հռչակեցիք վունդերկինդներ։ Չորրորդ տարում՝ որ ձեզ հետ ոչ ոք չի կարող համեմատվել, և այդպես շարունակ։ Ուղիղ պատասխանատուն իրենք են։ Եթե նույնիսկ բացթողումներ կային, դուք պարտավոր էիք դրանք շտկել», - եզրափակել է Մանուկյանը։