Այս պահի դրությամբ մենք որպես սակագին հաշվող կառույց,պաշտոնապես որևէ գրություն ռուսական «Գազպրոմից» կամ «Գազպրոմ Արմենիայից» այս պահին չունենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե գազի գինը 50 կամ 70 տոկոսով բարձրանա, դա ինչպե՞ս կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
«Դեռ ամեն դեպքում չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելը իրողությունները չեն փոխվի, բայց ես լիահույս եմ, որ չենք ունենա նման բան։ Մեր երկրում արդեն տարիներ ի վեր էլեկտրաէներգիայի արտադրության 100% մասնաբաժնի մեջ մոտ 30-33% -ը բաժին է հասնում ջերմային էլեկտրակայաններին։ Հետևաբար, եթե գազը թանկացավ, ջերմային էլեկտրակայանների սակագինը կբարձրանա, հետևաբար նման ձևով ազդեցություն կունենա սակագների վրա։
Մենք մեզ համար տնային առաջադրանք ունենք արած. Ըստ այդմ, եթե սահմանի վրա գազի ներկրման գինը աճի 30%-ով, սակագինը, որը այսօր 174.46 դոլար է 1000 խմ գազի համար, 30% թանկանալու դեպքում կդառնա 226.8 դոլար սահմանի վրա, իսկ դա միջինացված կերպով էլեկտրաէներգիայի սակագնի վրա 1.4 դրամի ազդեցություն կունենա։
Եթե գազը սահմանին թանկանա 69 տոկոսով, գազի գինը սահմանին կդառնա 294.8 դոլար 1000 խմ–ի համար, և սակագնի վրա 3.3 դրամով կազդի։
Եթե Աստված մի արասցե, 300%-ով թանկացում լինի, գազի գինը սահմանին կդառնա 697.85 դոլար, ինչը էլեկտրաէներգիայի միջինացված սակագնի վրա կազդի 14.2 դրամով»,–ասաց նա։
Հարցին՝ ինչ կլինի, եթե գազի մատակարարումն ընդհանրապես դադարեցվի, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ չի դադարեցվի, իսկ եթե դադարեցվի, պետք է կարգավորման այլ գործիքներ մտածենք կիրառել, զորօրինակ, 1992-94 թվականների ծանր տարիների նման Սևանից լրացուցիչ ջրթող անենք, որ Սևան-Հրազդան կասկադը ամբողջ տարին աշխատացնենք։ Պետք է բանակցենք արագ Վրաստանից և Վրաստանի միջոցով նաև այլ երկրներից էլեկտրաէներգիա ներկրելու, 110 կիլովատ օդային գծով իր թողունակության չափով, Որոտանի կասկադը ամբողջությամբ պետք է աշխատացնենք։ Այս տարվա ջրային ռեսուրսները թույլ են տալիս նման բան անելու»։
Նա չհամաձայնեց, որ դա կարող է ճգնաժամի հանգեցնել. «1992-96 թվերի ծանր կամ ճգնաժամային իրավիճակը այսօր չենք ունենա, մի շարք պատճառներով, այդ թվում նաև արևային կայանների, կուտակիչ մարտկոցների փաստը, ակումլյատորների հնարավորությունները տալու են այդ լուծումները անելու»։











