Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է հենց ՍԴ դատավորների կազմից, և որքանով տեղյակ եմ, Վլադիմիր Վարդանյանը երկու փուլով է անցել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով այսօր ՍԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրվելու փաստին։

Դիտարկմանը, որ ՍԴ նախագահի մյուս թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, այդ փաստը գնահատելիս ասել է՝ «դարձ ի շրջանս յուր»՝ նկատի ունենալով այն, որ ժամանակի ՔՊ–ն քննադատում էր Հրայր Թովմասյանին, որ եղել է նախկին կուսակցական (ՀՀԿ–ական) և դարձել է ՍԴ նախագահ, հիմա նախկին ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանն է դառնում ՍԴ նախագահ, Աղաջանյանն ասաց. «Ես կարծում եմ՝ հարցի հասցեատերը պարոն Շաթիրյանն է, որովհետև այդ գործընթացի մաս ինքն է եղել, եթե ինքը պնդում է, որ ինչ-որ խնդիր կա կամ լեգիտիմության հարց կա, կարծում եմ իրեն է պետք ուղղել հարցը, որովհետև կրկնում եմ, Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է հենց այդ կոլեգիայի կողմից։

Ես կարող եմ երաշխավորել, որ քաղաքական թիմից, մասնավորապես, ՔՊ կուսակցությունից որևէ ազդեցություն այդ գործընթացի վրա չի եղել և չէր կարող ունենալ»։

Հիշեցմանը, որ իրենք մերժելի էին համարում, որ Հրայր Թովմասյանը մի քանի ժամում հրաժարվեց ՀՀԿ կուսակցությունից, դարձավ ՍԴ անդամ, հետո նաև ՍԴ նախագահ, հիմա նույն սցենարն է, երբ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվում է ՔՊ անդամակցությունից, դառնում ՍԴ դատավոր ու մի քանի ամիս անց նաև ՍԴ նախագահ, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Մենք մերժելի էինք համարում ընդհանրապես Սահմանադրական դատարանի քաղաքականացվածությունը այն ժամանակահատվածում, որի մասին դուք խոսում եք։ Ներկայիս Սահմանադրական դատարանը որևէ աղերս չունի քաղաքականացվածության առումով այն Սահմանադրական դատարանի հետ, որը նախագահում էր Հրայր Թովմասյանը»։

Մեր իշխանության օրոք, վերջին ութ տարիների ընթացքում գործել է Սահմանադրական դատարան, որը որևէ կերպ քաղաքականացված չի եղել։

Պարոն Վարդանյանի կուսակցական լինելը և հետագայում իր մասնագիտական կարիերան ՍԴ–ում շարունակելը իր որոշումն է եղել։

ԱԺ–ի ՔՊ ֆրակցիայի բազմաթիվ պատգամավորներ, եթե ոչ մեծամասնությունը, դեմ են եղել դրան, որովհետև մենք կարծում ենք, որ պարոն Վարդանյանը բավականին կարող կադր էր այստեղ և մեզ պետք էր որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ»։