«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը պարզաբանել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքների էությունը։

Մեկնաբանելով քննության հնչեցրած ավելի քան 64,5 մլրդ դրամի յուրացման մեղադրանքները՝ Ղազինյանն առաջին հերթին մատնանշել է նախաքննության գաղտնիության խախտումը, ապա հիշեցրել է, որ վարկային պայմանագրերում կան կետեր այն մասին, թե ինչպես են ծախսվելու միջոցները։ Այսպես, 23,5 մլրդ-ն ուղղվել է վարկային տոկոսների վճարմանը։ «Սուտ է, թե քաղաքացիներն են ստիպված եղել վճարել։ Ամեն ինչ վճարել է սեփականատերը», - հայտնել է Ղազինյանը։ Նրա խոսքով՝ 2023-2025թթ․ վարկերի տոկոսների մարմանն ավելի շատ գումար է ուղղվել, քան ստացվել է շահաբաժինների տեսքով, և շատ ցավալի է, որ բարձրաստիճան պաշտոնյան շահաբաժինները «թալան» է համարում։

Ղազինյանն ընդգծել է, որ բոլոր միջազգային վարկային պայմանագրերի համար առկա են Սամվել Կարապետյանի անձնական և նրա ընկերությունների երաշխավորությունները, և ակնհայտ է, որ առանց Սամվել Կարապետյանի գործոնի ոչ ոք չէր վարկավորի սնանկ ընկերությանը։ ՀԷՑ-ը Կարապետյանին փոխանցելու պահին ընկերությունում 36 մլրդ-ի պակասորդ կար։ «Նախկին սեփականատերերը խնդրում էին սակագինը բարձրացնել 19 դրամով, հետո եղավ «Էլեկտրիկ Երևանը», որից հետո ՀԷՑ-ը փոխանցվեց Սամվել Կարապետյանին»։

Ղազինյանը պարզաբանել է գնումների արժեքն ուռճացնելու մեղադրանքները՝ սյուների ձեռքբերման օրինակով։ «Ասում են, թե երկաթբետոնե հենասյուներն այլ գին ունեին։ Եթե ազնիվ լինեին, կասեին, որ այն ժամանակ մրցույթն այլ պայմաններով էր հայտարարվում, հիմա՝ այլ։ Նախորդ պայմանագրում ներառված էր փոխադրումը պատվիրատուի նշած վայր։ Այսինքն՝ արտադրողը պարտավոր էր, ասենք, հենասյուները հասցնել Ալագյազ, և դա միայն հեռավորության հարց չէ», - պարզաբանել է Ղազինյանը։

Նա հավելել է, որ Կարապետյանը դեռ ձերբակալությունից առաջ իրեն ասել է՝ երևում է, որ ընկերությունը խլելու են, հոգ տար, որ ՀԷՑ-ը որակյալ ապրանքներ ու սարքավորումներ ստանա, որպեսզի իշխանությունները չկարողանան ավելի էժան ու անորակ ապրանքներ մատակարարել։ Ներդրումների հաշվարկի մասով Ղազինյանը նշել է, որ երկար տարիներ վերահսկող մարմինն այնպիսի քաղաքականություն է իրականացրել, որի համաձայն՝ կարող էր կամայականորեն այս կամ այն գնումը համարել ոչ թե ներդրում, այլ ընկերության ցանկություն և ոչ նպատակահարմար ձեռքբերում։

«Խաղում են մարդկանց զգացմունքների հետ։ Մեկուկես տարի է՝ կառավարում եք։ Լավ, մենք վատ էինք կառավարում։ Իսկ դուք ինչո՞ւ սակագները չեք իջեցնում», - հարց է տվել Ղազինյանը՝ հիշեցնելով համեմատաբար ոչ վաղ անցյալում ՀԷՑ-ում տեղի ունեցած երկու խոշոր միջադեպերը։

«Սամվել Կարապետյանը 10 տարի չի բարձրացրել սակագները և խոստացել էր ևս 10 տարի թույլ չտալ դրանց բարձրացումը։ Իշխանություններն այժմ նույնիսկ 2 տարվա երաշխիք չեն տալիս», - նշել է Ղազինյանը։