Իտալիայի հյուսիսում նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի: Հաղորդվում է, որ երկրաշարժի արդյունքում Մոդենա նահանգի Միրանդոլա քաղաքում փլվել է արդյունաբերական շինություններից մեկը, որի փլատակների տակ բանվորներ են մնացել:
Ներկայումս փրկարարները փորձում են հասնել մարդկանց: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց, բազմաթիվ հաստատություններում մարդկանց տարհանել են, մասնակիորեն դադարեցվել է քաղաքների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իտալիայի հյուսիսում, այսօր` մայիսի 29-ին, նոր ուժեղ երկրաշարժ է գրանցվել: 5,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին), հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Տարերային աղետի էպիկենտրոնը գտնվել է Մեդոլա քաղաքից 3 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը եղել է 9,6 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով առնվազն մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ: Միրանդոլա քաղաքում փլատակների տակ են հայտնվել 4 բանվորներ, որոնց փորձում են փրկել, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, 6 բալ ուժգնության երկրաշարժերի շարք է տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում, որոնց հետեւանքով շենքեր են փլվել: 7 մարդ զոհվել է, առնվազն 50 մարդ` վիրավորվել: Ընդ որում 3 մարդ մահացել է սրտի անբավարարությունից:











