Շանհայում մեկնարկել է Չինաստանի ներմուծման 9-րդ միջազգային ցուցահանդեսը (CIIE), որը համախմբել է 162 երկրի ներկայացուցիչների և ավելի քան 4000 ընկերությունների ամբողջ աշխարհից։ Միջոցառումն ավանդաբար ներկայացնում է համաշխարհային առաջատար նորարարություններն ու տեխնոլոգիական լավագույն ձեռքբերումները։

Ավելի քան 300 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող Ազգային ցուցահանդեսային և համաժողովների կենտրոնը հյուրընկալում է աշխարհի խոշորագույն կորպորացիաներին ու տեխնոլոգիական հսկաներին։ Տաղավարներում ներկայացված է բառացիորեն ամեն ինչ՝ արհեստական բանականությամբ ռոբոտներից և ապագայի ավտոմեքենաներից մինչև օրգանական գյուղատնտեսություն, նորարարական կոսմետիկա և աշխարհահռչակ նրբահամ ուտեստներ։

Ցուցահանդեսի այս հսկայական մասշտաբն ընդգծում է Շանհայի դերը՝ որպես համաշխարհային առևտրի կենտրոն։ Ինչպես նշվում է պաշտոնական մակարդակով, Չինաստանը հետևողականորեն բացում է իր շուկան աշխարհի համար՝ ակտիվորեն աջակցելով մատակարարման միջազգային շղթաների զարգացմանն ու արդյունաբերական ինտեգրմանը։

Այս բազմազանության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի ազգային տաղավարը։ Մեր արտադրողները միջազգային հանրության դատին են ներկայացրել ավանդական քաղցրավենիք, նրբաճաշակ աքսեսուարներ, ինչպես նաև բարձրորակ հայկական գինիներ ու լեգենդար կոնյակ։

Ինչպես նշում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիայի նախագահ Դավիթ Մխիթարյանը, Շանհայի ցուցահանդեսին մասնակցությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի արտահանման ներուժի համար։ Այս տարի ազգային տաղավարում իրենց արտադրանքն են ներկայացնում 14 հայրենական ընկերություններ։

«Շանհայի ներմուծման միջազգային ցուցահանդեսը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն աշխարհի խոշորագույն հարթակներից մեկն է։ Այստեղ մասնակցող 162 երկրների ներկայացուցիչները հնարավորություն ունեն տեսնելու Հայաստանը և ծանոթանալու մեր արտահանման ներուժին», - ընդգծում է Դավիթ Մխիթարյանը։

Մխիթարյանի գնահատմամբ՝ Չինաստանում հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ Դրան մեծապես նպաստում են հումանիտար կապերի ամրապնդումը, ուղիղ չվերթների գործարկումն ու զբոսաշրջային հոսքի աճը։

«Չինաստանում շատ են սիրում հայերին, հայկական մշակույթը։ Մենք արդեն ունենք ուղիղ չվերթներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան։ Այս ցուցահանդեսին մասնակցությունը ևս չինացիներին օգնում է ավելի լավ ճանաչել Հայաստանն ու այցելել երկիր», - հավելում է նա։

Շանհայի ցուցահանդեսը հերթական անգամ ապացուցեց, որ արդյունավետ հարթակ է նոր գործընկերներ գտնելու և խոշոր շուկաներ դուրս գալու համար։ Ինչպես ցույց են տալիս փորձը (և NEWS.am-ի թղթակցի՝ CIIE-ի հսկայական տաղավարներում կատարած 28 հազար քայլերը), այս միջոցառումը շարունակում է եզակի հնարավորություն լինել՝ սեփական աչքերով տեսնելու համաշխարհային տնտեսության ու բիզնեսի ապագան։