Մեկնաբանելով Ադրբեջանում հնարավոր իշխանափոխության և խաղաղության պայմանագրի վերանայման վերաբերյալ մտավախությունները՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարց է բարձրացրել, թե ինչու է նման սցենարը դիտարկվում միայն Բաքվի, այլ ոչ նաև Երևանի պարագայում։
«Իսկ Հայաստանում իշխանությունը չի՞ կարող փոխվել։ Իհարկե, կարող է։ Հայաստանի խորհրդարանում նստած են բավականին շատ մարդիկ, որոնք բոլորովին այլ տրամաբանություն ունեն։ Ի՞նչ է, մեզ մոտ իշխանություն չի՞ կարող փոխվել։ Կարող է», — սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման ժամանակ հայտարարել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ երկու երկրներից որևէ մեկում քաղաքական փոփոխությունները լիովին բացառել հնարավոր չէ, սակայն դա չպետք է խաղաղ կարգավորումից հրաժարվելու հիմք դառնա։
«Երբ նստում ենք ավտոմեքենա, կապում ենք անվտանգության ամրագոտին։ Դա հարյուրտոկոսանոց երաշխիք չի տալիս, որ վթարի դեպքում ողջ կմնանք, բայց անում ենք այն, ինչ մեր ուժերի սահմաններում է», — պարզաբանել է ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրը նոր պատերազմի պատճառների վերացումն է։
«Եթե մենք հիմա աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է վերացնենք միմյանց դեմ պատերազմելու պատճառները, ապա հենց դրա համար էլ աշխատում ենք», — հայտարարել է Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև նշել է, որ խաղաղության պայմանագիրը քննարկվել է ամենայն մանրամասնությամբ՝ «նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ, ստորակետ առ ստորակետ»։ Նա հերքել է միակողմանի զիջումների մասին պնդումները՝ շեշտելով, որ համաձայնագրի դրույթները փոխադարձ բնույթ են կրում։
Հայկական կողմի գլխավոր կարմիր գծերից մեկը նա համարել է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացառումը։ Սիմոնյանի խոսքով՝ Երևանն ի սկզբանե հստակեցրել է այդ դիրքորոշումը և շարունակում է հավատարիմ մնալ դրան։











