«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը միավորել է ընդդիմադիր ուժերին Հայաստանի անկախության հռչակագրի պաշտպանության շուրջ։
Նրա խոսքով՝ սահմանադրական ծրագրում Հռչակագրի հղումից հրաժարվելը կարող է խարխլել պետության քաղաքական-իրավական հիմքերը և վտանգել նրա ինքնիշխանությունը։
«Այսօր կարելի է շնորհավորել այն առթիվ, որ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ գործ է արել․ իր կործանարար քաղաքականությամբ նա միավորել է ամբողջ ընդդիմությանը։ Նա մեզ միավորել է մեկ գործի շուրջ՝ Հայաստանի ինքնիշխանության կորստին դիմակայելու։
Մենք ամիսներ շարունակ ասում էինք, որ չի կարելի զոհաբերել Անկախության հռչակագրի հղումը։ Հիմա մենք զբաղվում ենք դրա պաշտպանությամբ, որովհետև հասկանում ենք․ եթե Նիկոլ Փաշինյանն իրականացնի իր ծրագիրը, դրանով կքանդի Հայաստանի քաղաքական-իրավական հիմքերը», — լրագրողներին ասել է Զուրաբյանը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դժվար է կանխատեսել այս պայքարի հաջողությունը, սակայն այսքան տարբեր քաղաքական ուժերի միավորումն ինքնին աննախադեպ է համարում։
Նրա խոսքով՝ սոցիալիստներն ու ազատականները կարող են ապագայում վիճել միմյանց հետ, սակայն անկախ Հայաստանի գոյությունը պետք է մնա ընդհանուր նպատակ։
«Նման բան դեռ չի եղել, որ իրարից այսքան տարբերվող քաղաքական ուժերը, որոնք ամբողջ կյանքում պայքարել են միմյանց դեմ, այսօր հավաքվեն և միավորվեն այս պայքարում։ Ինչո՞ւ։ Որովհետև վտանգված է անկախ Հայաստանի գոյությունը», — հայտարարել է Զուրաբյանը։
Նա նաև հայտնել է, որ այս պայքարին մասնակցում է իր ամբողջ կուսակցությունը, այդ թվում՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Արամ Մանուկյանը, որին անվանել է անկախության խորհրդանիշ։











