Այն պնդումը, թե TRIPP նախագիծը բխում է Հայաստանի շահերից, առասպել է։ Այս մասին նոյեմբերի 9-ին քննարկման ժամանակ հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նա նշել է, որ իրավական հիմքերից ելնելով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակում է գործել՝ վստահություն հայտնելով, որ այդ փաստաթուղթը լավագույնն էր, ինչ հայկական կողմը կարող էր ստանալ 44-օրյա պատերազմի արդյունքներով, քանի որ Ադրբեջանի նախագահը համաձայնել էր ստորագրել մի փաստաթուղթ, որի հիման վրա նա վերահսկողություն չէր ստանում ամբողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Նրա խոսքով՝ Ալիևը ճանաչում էր, որ կա Լեռնային Ղարաբաղ, որի հետ կապը ինքը պետք է ապահովի, սակայն շատ արագ փորձեր արվեցին այդ հայտարարությունը ներկայացնել որպես ձախողում, իսկ դրա իններորդ կետը՝ որպես միջամտություն ներքին գործերին։ Բալասանյանը պարզաբանել է, որ եթե դատենք այդ տրամաբանությամբ, ապա անհայտ է, թե ինչ է իրենից ներկայացնում TRIPP-ը, եթե Հայաստանն այդ ճանապարհով տարանցումից ստանալու է շահույթի ընդամենը 26%-ը, այն էլ՝ մեծ հարցականի տակ։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ Իրանը դիտողություններ չուներ, քանի որ այն, ի տարբերություն TRIPP-ի, հստակ պատկերացում էր տալիս նախագծի մասին։ Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա միջազգային վերահսկողությունն ու օտարերկրյա ուժերի ներկայությունը Իրանի և Ռուսաստանի համար առնվազն անհասկանալի են։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում ամեն ինչ տեղի կունենար ՀԱՊԿ-ի շրջանակներում, ռուս սահմանապահները կմնային իրենց տեղերում, իսկ բեռների նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվեր գործող չափանիշներով։ Ինչ վերաբերում է TRIPP-ին, ասում են, որ լինելու են էլեկտրոնային համակարգեր՝ առանց մարդկանց մասնակցության, ինչը մտահոգություն է առաջացնում թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի մոտ, քանի որ սա ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի արտաքին սահմանն է», - ընդգծել է նա։
Նրա գնահատմամբ՝ ի տարբերություն TRIPP-ի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ որևէ աշխարհաքաղաքական դերակատար դիտողություն չի հայտնել։ Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ այս հարցում առճակատումից հնարավոր էր խուսափել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, բայց ոչ նրա վերահսկողության ներքո, ինչպես TRIPP-ի դեպքում է, ինչը կօգներ խուսափել Իրանի դժգոհությունից։
Գրիգոր Բալասանյանը նկատել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը լուրջ հետևանքներ կունենա ինչպես գյուղմթերքի արտահանման, այնպես էլ տարեկան 3 մլրդ դոլարի տրանսֆերտների առումով։











