Եթե դեկտեմբեր-հունվարին մեկնարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման գործընթացը, ապա կվերանայվեն նաև ռուս-հայկական գազային պայմանավորվածություններն ու երկկողմ համագործակցության մյուս ոլորտները, ինչը շատ լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար։ Այս մասին նոյեմբերի 9-ին քննարկման ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Նրա կարծիքով՝ ռուսական փորձագիտական շրջանակներում աստիճանաբար գիտակցում են այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի մասնակցությամբ ցանկացած ինտեգրացիոն գործընթացում երկրի մասնակցությունը հետևողականորեն կրճատելու ուղեգիծ, այդ թվում՝ այն նախագծերում, որոնք օգուտ են բերում Հայաստանին։ «Առաջնահերթությունը տրվում է աշխարհաքաղաքականությանը», - նշել է նա։
Արեշևը հայտարարել է, որ Ռուսաստանը 2021-2022 թվականներին առաջարկում էր կենտրոնանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վրա՝ այն ամենի, ինչը կհամապատասխաներ երկու կողմերի շահերին, սակայն աշխարհաքաղաքական մրցակիցները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, փորձել են իրենց ձեռքը վերցնել այս հարցում նախաձեռնությունը, և այժմ քննարկվում է ճանապարհի ապաշրջափակումը «Թրամփի երթուղու» կամ, ինչպես այն անվանում են Ադրբեջանում, «Զանգեզուրի միջանցքի» ձևաչափով։
Քաղաքագետը մատնանշել է այս նախագծի շուրջ անորոշությունը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական անկայունությամբ և Իրանի բավական կոշտ հայտարարություններով, որոնք Հայաստանում այս կամ այն կերպ հաշվի են առնվում։ «Այնուամենայնիվ, Բաքուն և Անկարան լի են այս գործընթացը մեկնարկելու վճռականությամբ և ակտիվ ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ նախագիծն արագացնելու և 2027-2028 թվականներին իրականացնելու համար», - ընդգծել է ռուս փորձագետը։











