Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացատրել է, թե ինչու է աննպատակահարմար համարում այցը Բաքու։

Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ-ը, պատասխանելով Բաքու մեկնելու և այնտեղ պահվող հայ գերիներին այցելելու պահանջի վերաբերյալ հարցին, հիշեցրել է, որ մարդու իրավունքների պաշտպան է բացառապես Հայաստանում և միայն այստեղ կարող է պահանջներ ներկայացնել։

Մանասյանը նշել է, որ պարզապես գնալն ու ավելի լավ իրավիճակ տեսնելը չեն կարող ինքնանպատակ լինել։ «Որովհետև բոլորը հասկանում են, որ մեզ ամեն ինչ ցույց կտան լավագույն կողմից։ Եթե գնաս այնտեղ, որտեղ լիազորություններ չունես, և քեզ ցույց տան միայն լավագույնը, ինչո՞ւ դա անել։ Չեմ կարծում, որ դա ռացիոնալ տրամաբանություն է։ Քայլերը պետք է արդյունավետ լինեն, իսկ օգտակար գործողության գործակիցը՝ բարձր։ Գերիների հարցն իմ կողմից բարձրացվում է բոլոր հնարավոր հարթակներում», - ընդգծել է ՄԻՊ-ը։ Միաժամանակ, առանց անուններ նշելու, նա նշել է, որ կան երկրներ, որոնք ցանկանում են հայկական կողմին զրկել բարձր մակարդակի հարթակներում, ՄԱԿ-ում մասնակցությունից՝ այս հարցը բարձրացնելու հնարավորությունից զրկելու համար։