Հայկական ԱԷԿ-ը կշարունակի գործել առնվազն մինչև 2035 թվականը։ Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա պարզաբանել է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել ԱԷԿ-ի վերաբերյալ ցանկացած ընդունելի առաջարկ՝ նշելով, որ երկիրը մի քանի առաջարկ է ստացել, այդ թվում՝ Ռուսաստանից, և դրանք տարբերվում են թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական բաղադրիչներով։ Նրա խոսքով՝ առաջարկներ կան ինչպես փոքր մոդուլային ռեակտորների, այնպես էլ ավանդական տեխնոլոգիաներով աշխատող ԱԷԿ-ների վերաբերյալ։

«Այս առաջարկների արժեքները տարբերվում են մի քանի միլիարդ դոլարով, ինչը կարևոր նշանակություն կունենա սակագնի համար։ Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկը, այդ թվում՝ տվյալների կենտրոնների բացման հետ կապված, մեր գնահատմամբ՝ էլեկտրաէներգիայի ավելցուկն անհնար է։ Եթե նպատակահարմար համարենք ավանդական տեխնոլոգիաներով աշխատող ԱԷԿ-ի կառուցումը, ապա կգնանք այդ ճանապարհով։ Որոշումը լինելու է ոչ թե քաղաքական, այլ տնտեսական», - եզրափակել է Խուդաթյանը։