Հայաստանի Սահմանադրության փոփոխման գործընթացն ակնհայտորեն քաղաքական բնույթ է կրում։ Այս մասին միացյալ ընդդիմության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Մելոյանն արձանագրել է, որ թեև սահմանադրական բարեփոխումների հարցն ութ տարի է, ինչ օրակարգում է, և այդ նպատակով համապատասխան երկու հանձնաժողով է ձևավորվել, իշխանություններն այդպես էլ փաստաթղթի նախագիծ չեն ներկայացրել. մեր պետականության պատմության մեջ հանրությունից այսքան կտրված ու մեկուսացված սահմանադրական բարեփոխումների գործընթաց երբևէ չի եղել։
«Այո՛, իրավական երկընտրանք չի կարող լինել, քանի որ գործընթացն ակնհայտորեն քաղաքական բնույթ է կրում»,- նշել է Մելոյանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) խոսքերը։
Իրավաբանի դիտարկմամբ՝ նոր Սահմանադրության ընդունումն ադրբեջանական օրակարգ է, քանի որ Ալիևը դեռևս 2024 թվականին էր հրապարակավ հայտարարել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, և դա խաղաղության պայմանագրի նախապայման է։ «Այդ պատճառով էլ մենք հայտարարում ենք, որ դեմ ենք ալիևյան Սահմանադրությանը»,- շեշտել է Մելոյանը:
Նա հիշեցրել է, որ սրան նախորդել են բազմաթիվ պահանջներ ու պայմաններ, որոնք Հայաստանի իշխանությունները բոլորն էլ բավարարել են՝ վարելով զիջողական քաղաքականություն։ Ըստ նրա՝ սա հերթական զիջումն է՝ առանց որևէ երաշխիքի։











