Հայաստանի հետ քննարկվել են էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Պուրմոհամմադին։
Նա պարզաբանել է, որ այդ քննարկումների արդյունքներն են ընկած երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթի հիմքում։ Պուրմոհամմադին հիշեցրել է, որ ստեղծված աշխատանքային խմբերից մեկը վերաբերում է հենց էներգետիկ համագործակցությանը։
«Այդ խմբի շրջանակում քննարկվել են էներգետիկ բնագավառի փոխգործակցության բոլոր ուղղությունները», — նշել է Իրանի փոխնախագահը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, դիզելային վառելիքին և ավիացիոն կերոսինին։
Պուրմոհամմադին նաև ընդգծել է, որ Իրանն աշխարհում գազի խոշորագույն պաշարներ ունեցող երկրներից է։ «Եթե Իրանը գազ արտահանելու հնարավորություն ունենա, ապա դրա համար Հայաստանից ավելի լավ գործընկեր պարզապես չկա», — եզրափակել է նա։











