Մեր նպատակն է՝ ունենալ հնարավորինս պարզ հաշվետվողականության համակարգ որտեղ պարզ ձևով կարելի է իդենտիֆիկացնել, թե ինչ է նշանակում լրատվամիջոց. լրատվամիջոց կազմակերպությունը կամ անձը ինչպիսի հաշվետվություն պիտի ներկայացնի, որպիսի այն մարդիկ, որոնք տալիս են իրենց գումարը այդ կառույցին, հասկանան՝ ինչի համար են տալիս և հակադարձ տեղեկություն ստանան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառանալով աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի կառավարությունը պետք է որոշի, թե քաղաքացին իր եկամտահարկից որ լրատվամիջոցին կարող է փոխանցում կատարել։

«Այսինքն մենք պետք է որոշենք դա առանց բարդացնելու, առանց մեծ բաներ անելու։ Տեսեք, այսօր կա պահանջ, որ ԶԼՄ-ները պետք է հաշվետվություն ներկայացնեն և դա անում են իրենց կայքում կամ ինչ-որ մի տեղ, որտեղ միասնական տեղ չկա։ Օրինակ, ՀԿ-ների դեպքում կա, ՀԿ-ները հաշվետվություն են ներկայացնում ՊԵԿ-ին։ Հիմա ենթադրում եմ արդար կլինի, որ այն մարդիկ, ովքեր գումար են տալիս լրատվամիջոցին, այդ տալու պահին հնարավորություն ունենան այդ տեղեկությունը ստանալու,–ասաց նա։

Հարցին՝ այլ չափորոշիչ չի՞ լինելու, օրինակ, այս կարգավորումը չի տարածվելու այն լրատվամիջոցի վրա, որը ապատեղեկատվություն է տարածում, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ այդպիսի չափորոշիչ կլինի թե չէ, բայց կարծում եմ, որ դա շատ դժվար է լինելու հետո գնահատել, հետևաբար կարծում եմ հիմնական նպատակն է ունենալ պարզ ձևաչափ, որպեսզի չստացվի այնպես, որ կառավարությունը որոշի՝ ում տա, ում չտա։

Ընդհակառակը, մեզ պետք է, որպեսզի ընդիմադիր լրատվամիջոցները իրենք ունենան անկախություն, ոչ թե կախված լինեն ինչ-որ մեկից, որ իրենց պատվիրի, ասի՝ այսինչ բանը գրի, նա էլ գրի։ Մենք ուզում ենք, որպեսզի բոլոր լրատվամիջոցները ունենան անկախություն, օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն ստանալու, և իրենք մտածեն ոչ թե նրա մասին, թե իրենց ֆինանսավորողին ինչպես հաճոյանան, այլ տվյալ դեպքում, երբ ֆինանսավորողը լինի հանրությունը, բոլոր հասարակ քաղաքացիները, այդ ժամանակ իրենց մտածեն՝ ոնց անեն, որ այդ մարդկանց այնպիսի տեղեկատվություն տան, որ այդ մարդիկ համաձայնեն հաջորդ անգամ իրենց փող տալ»։

Դիտարկմանը, որ գուցե քաղաքացին չի ուզում, որ ՊԵԿ–ում իմանան, թե ինքը որ լրատվամիջոցին է ֆինանսավորել, քանի որ դրանով կիմանան իր քաղաքական հայացքների մասին, ինչպե՞ս է ապահովվելու գաղտնիությունը, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա ապահովելու է ընդհանուր կառուցակարգերի շրջանակում, որովհետև հիմա էլ կա գաղտնիության ռեժիմ, այսինքն մարդկանց հարկերի, եկամուտների հետ կապված տվյալները ՊԵԿ-ում հավաքվում է և դրա արտահոսքի մասին կարծես տեղեկություններ չկան։ Նույն ձևով այդպիսի տեղեկատվությունը դիտվելու է որպես անձնական»։