Նախ ուզում եմ ևս մեկ անգամ ցավակցություններս հայտնել մահացածի սգագիր հարազատներին. իհարկե ողբերգական դեպք է տեղի ունեցել, երիտասարդ մարդ է մահացել՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ մնացածից, հայ մարդ է, Հայաստանի քաղաքացի և բնականաբար ցավ է պատճառում տեղի ունեցածը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Դիտարկմանը, որ ըստ փաստաբանական թիմի, շտապօգնությունը ուշացել է և տեղ է հասել այն ժամանակ, երբ արդեն Արսեն Գևորգյանը մահացած է եղե, Ալեքսանյանն ասաց. «Ինչքանով ես եմ տեղյակ, որքան հասցրել եմ խոսել պատկան մարմինների հետ բողոքից մինչև շտապօգնության հասնելը 20 քանի րոպե է տևել։ Ես վստահ չեմ, որ օրինակ Ստեփանավանում կամ Հայաստանի մյուս համայնքներում, դրանից արագ է տեղի ունենում հասնելը։ Չգիտեմ նորմատիվն ինչքան է, թող քննություն լինի, ամեն ինչ պարզվի: Կարող է տպավորություն ստեղծվել, թե երկու ժամում է հասել, բայց 20 քանի րոպեում է հասել շտապօգնությունը, ինչը անթույլատրելի ցուցանիշ չէ։
Մեղքի մասով, ես տեսնում եմ, որ երեկվանից «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները, նրանց հետ նոր ձևավորված Սերժի ճակատի ներկայացուցիչները փորձում են այս մարդու մահը ինչ-որ քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել։ Այս պահի դրությամբ թույլ տվեք ընդամենը խորհուրդ տալ նրանց, որպեսզի նրանք դա չանեն»,–ասաց նա։
Անդրադառնալով պնդումներին, որ քաղաքական հակառակորդին կալանքի էին տարել և դա քաղաքական հետապնդում է, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Եթե պնդում եք եկեք խոսենք թե սա ում մեղքն էր. Ո՞վ էր այդ տղային փող տվել, որ տաներ բաժաներ։ Շատ լավ, աշխատավարձ էր բաժանել, ամեն ինչ օրինական էր, բա հազար ներողություն, Սամվել Կարապետյանը անձամբ խի՞ չէր բաժանում, Սամվել Կարապետյանի տղան անձամբ խի՞ չէր բաժանում։ Այդ հարցի պատասխանը կտա՞ մեկը։
Նախ, ո՞վ էր այդ փողը տվել իրեն, ոչ միայն իրեն, այն մյուս 300 հոգունը, որ ձերբակալված են, և այդ մարդկանց ճակատագիրը հարցականի տակ է՝ անկախ նրանից, թե ինչքան իմ համար գարշելի արարք են իրենք արել։ Եթե մեղավոր ճանաչվեն, գնալու են, քրեական պատասխանատվության ենթարկվեն, տարիներով մնան բանտում։ Ո՞վ է տվել այդ փողը, որ բաժանեն, ո՞ւմ համար»։
Ինչքան ասում ենք՝ չխոսենք այս թեմայով, մարդկանց ընտանիքը վշտի մեջ է, բայց եթե մեղքի բաժին են հարցնում, ասեմ՝ մեղքի բաժինը որն է։ Մեղքի բաժինը այդ ջահել տղերքին, այդ ջահել կանանց, ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է, որ ուրիշների ձեռքով փորձեն հանցագործություններ անել։ Եթե ամեն ինչ OK է, ինչի՞ անձամբ իրենք չեն բաժանել էդ փողերը»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։
Դիտարկմանը, որ կարելի էր կալանք չկիրառել, նա սաց, որ պետք չի ամեն բան բարդել կալանքի վրա. «Առերևույթ, երբ տեսանյութը տալում ենք, այդտեղ հանցանք կա։ Հիմա քննչական մարմինները այդտեղ պե՞տք է գործեն, թե՞ չպետք է գործեն։ Իմ կարծիքով պետք է գործեն։
Ես նորից եմ ասում, եթե մեղքի բաժին են ման գալիս, թող այդ մեղքի բաժինը փորձեն գտնել նրանց մեջ, ովքեր այդ հանցագործությունների գլխավոր կազմակերպիչներն են, ովքեր այդ փողերը չգիտես որտեղից բերել են քեշով, մեշոկներով, տվել են մարդկանց, ասել են՝ գնացեք բաժանեք, ընտրակաշառք տվեք, բայց իրենք անձամբ ու իրենց տղերքը, իրենց ժառանգները այդ փողը երբեք չեն բաժանի, որ հանկարծ այդպիսի վիդեոն իրենց տղերքի մասնակցությամբ չլինի։ Այդ մարդիկ պետք է պատասխան տան, թե ու՞մ շահերի համար է այդ ամեն ինչը արվել»։
Վահագն Ալդեքսանյանը նաև հարց հնչեցրեց. «եթե մարդը առերևույթ, քրեական հանցագործություն է կատարել, իր նկատմամբ պե՞տք է լինի քրեական գործ, թե՞ չպետք է լինի»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։











