Երբ Արսեն Գևորգյանին տարել են քրեակատարողական հիմնարկ, նա անցել է բժշկական հետազոտություն, որևէ խնդիր, գանգատ չի ունեցել։ Այդ օրն առավոտյան վատ է զգացել, սրտի կանգ է արձանագրվել, մարդը մահացել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուի մահվան դեպքին։
«Շատ եմ ցավում ամեն ինչի հետ կապված, բայց մեղադրել իշխանությանն այդ մարդու մահվան համար, կներեք, չէ՛, էլի, ժողովո՛ւրդ ջան, ամեն ինչին կա չափ ու սահման, այդ թվում՝ ընդդիմության էժան շահարկումներին»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով լրագրողներին Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկման առարկա չդարձնել։
«Այս դեպքում, լա՛վ, «Ուժեղ Հայաստանի» թիմակիցներից մեկն է մահացել, բայց քրեակատարողական հիմնարկում օրական այլ մարդիկ են մահանում։ Այդ մարդկանց մահվան դեպքերին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Մարդիկ, ի վերջո, կյանքն ապրում են, առողջական խնդիրներ են ունենում, մեկի մոտ թոքերի անբավարարություն է, մեկի մոտ՝ սրտի անբավարարություն։ Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ են, չէ՞, մահանում, բա մյուս դեպքերի հետևից ինչո՞ւ չեք գնում։ Գիտե՞ք՝ ինչու չեք գնում: Մի պարզ պատճառով. որովհետև տակը քաղաքական թեմա չկա»,- ասաց պատգամավորը։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
ՔԿԾ-ից հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։











