Ժամանակակից ճարտարապետությունը կարող է իրականություն դարձնել ամենահամարձակ լեգենդները. Շանհայի 1000 Trees համալիրն իրավամբ համարվում է Շամիրամի հռչակավոր կախովի այգիների ժամանակակից մարմնավորումը։ Տարիներ տևած նախագծումից ու շինարարությունից հետո՝ 2021 թվականի վերջին բացված այս կառույցը պարզապես ժամանակակից առևտրահասարակական կենտրոն չէ, այլ Շանհայի ճարտարապետական ակնառու տեսարժան վայրերից մեկը։ Նախագծի հեղինակը բրիտանացի հայտնի դիզայներ Թոմաս Հեզերվիքն է։

Համալիրը տեղակայված է Շանհայի Պուտուո շրջանում՝ Սուչժոու (Suzhou Creek) գետի գեղատեսիլ ոլորանի երկայնքով՝ հայտնի M50 արվեստի թաղամասի անմիջական հարևանությամբ։ Շենքի գլխավոր ինժեներական և վիզուալ առանձնահատկությունը դրա յուրօրինակ կառուցվածքն է՝ կանաչապատ երկու բլուր-լեռների տեսքով։ Կառույցի հիմքում հարյուրավոր բաց սյուն-պատշգամբներ են, որոնց վրա տնկված են հազարավոր ծառեր և տասնյակ տեսակի բույսեր։ Դրա շնորհիվ ֆուտուրիստական այս օբյեկտը հեռվից հիշեցնում է մեգապոլիսի կենտրոնում սավառնող կենդանի անտառ, որտեղ միահյուսվում են ուրբանիզացիան, բնությունն ու հին տեքստիլ գործարանի արդյունաբերական ժառանգությունը։

Բացի վիթխարի արտաքին տեսքից, այս վայրը գրավում է նաև էսթետիկայի և տպավորիչ կադրերի սիրահարներին։

NEWS.am-ի թղթակիցը եղել է տեղում և մանրամասն ուղեցույց է ներկայացնում, թե ինչպես հասնել այնտեղ ու գտնել նկարահանման համար լավագույն կետերը.

Նախ տաքսիով մոտենում ենք նշված հասցեով՝ 大洋晶典·天安千树։ Ապա կամրջի վրայով քայլելով գնում ենք դեպի շենք։ Անցնում ենք ձախ միջանցքով, դուրս գալիս, թեքվում աջ, հետո՝ ձախ և այգու միջով ուղիղ դուրս գալիս դիտահարթակ, որտեղից համայնապատկերային տեսարան է բացվում դեպի գետափ։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս դիտել ուղեցույց-տեսանյութը։

Դիանա Առուշանյան, Շանհայ