Չկա որևիցե հարցում, որը մնա անպատասխան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ փոխտնօրեն Եսայի Մկրտչյանը։
Դիտարկմանը, որ այդ պատասխանները չեն բավարարում լրագրողներին, նա ասաց. «Դուք պետք է միշտ հաշվի առնեք, որ պատասխանները տրվում են, որպեսզի չվնասեն այս կամ այն անձին, այս կամ այն երևույթին, այս կամ այն պետության հետ հարաբերություններին, այս կամ այն գործընթացներին՝ ներպետական, արտաքին քաղաքականության վերաբերյալ»։
Հարցին՝ այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի գործողություններում, հայտարարություններում ազգային անվտանգության սպառնացող քրեական հետապնդման ենթակա որևէ արարք, որևէ նախադասություն ֆիքսե՞լ եք, թե ոչ, Մկրտչյանը պատասխանեց. «Դուք իրավաբաններին հարցրեք, իրենք ձեզ կպատասխանեն, ես իրավաբան չեմ»։
Դիտարկմանը, որ ենթադրյալ կոռուպցիոն տնտեսական հանցագործություններին վերաբերող գործողություններում Քննչական կոմիտեն ներգրավում է նաև ԱԱԾ-ականներին, որոնք դիմակավորված գործողություններ են իրականացնում, ինչով է բացատրվում ԱԱԾ–ականների ներկայությունը, օրինակ ընդիմադիրների, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողություններին, ԱԱԾ փոխտնօրենն ասաց. «Եթե օրենքը նայեք, այնտեղ հստակ գրված է, ինչու եք միայն Սամվել Կարապետյանին ասում, բազմաթիվ այլ դեպքերում ևս ներգրավվում է Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը և այլն»։
Նա լրագրողներին մեկին մեղադրեց իր ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտելուն. «Դուք խանգարում եք ինձ ազատ տեղաշարժվել։ Մի հատ կողմնորոշվեք ով ինչ հարց է տալիս ու գրավոր ուղարկեք»,–ասաց նա՝ չանկանալով պատասխանել հարցերին։











