Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի 70-ամյա բնակիչ Հակոբ Գևորգյանի համար Կուրկուտի փառատոնին մասնակցելն արդեն ավանդույթ է։ Ամեն տարի մեծ ոգևորությամբ սպասում է այդ օրվան՝ պատրաստելու իր յուրահատուկ բաղադրատոմսով կուրկուտն ու ներկայացնելու սյունյաց խոհանոցի ավանդական համը։ Կուրկուտի պատրաստման իր գաղտնիքներն ու տասնամյակների փորձով ձևավորված բաղադրատոմսը Հակոբը չի թաքցնում։
«14 կիլոգրամ միս, 7 կիլոգրամ կուրկուտ, 3.5 կգ կարագ։ Եթե միսը մի քիչ լղար է լինում, 4 կգ կարագ եմ ավելացնում։ Բայց այս անգամ միսը շատ յուղոտ ու հաճելի էր»,–պատմում է Հակոբ Գևորգյանը։
Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող Կուրկուտի փառատոնն արդեն յոթերորդ տարին է՝ համախմբում ավանդական ուտեստի պատրաստման վարպետներին ու սիրահարներին։ Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը կուրկուտը հանրահռչակելն ու այն ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնելն էր։
«Մեզ համար խիստ կարևոր էր կուրկուտը ճանաչելի դարձնելը։ 2019 թվականին առաջին անգամ կազմակերպեցինք փառատոնը, որն այսօր արդեն ավանդույթ է դարձել։ Սկզբում այն մշակութային նշանակություն ուներ, սակայն ժամանակի ընթացքում տեսանք, որ կուրկուտն ավելի ու ավելի ճանաչելի է դառնում ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս»,–նշում է Գևորգ Փարսյանը։
Ամենամյա դարձած փառատոնի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է․ եթե 2019 թվականին կուրկուտ պատրաստող 9 վարպետ էր մասնակցում, այսօր արդեն նրանց թիվը 22-ի է հասել։
Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ՝ փառատոնից ստացված ամբողջ հասույթը բարեգործության կուղղվի։
«Բարեգործություն ենք անելու մի ընտանիքի, որտեղ արդեն պետք է չորրորդ երեխան ծնվի։ Սոցիալապես անապահով ընտանիք է, ապրում են հանրակացարանում։ Կարծում եմ՝ փառատոնը կկարողանա մեծ երջանկություն պարգևել նրանց, որովհետև իսկապես բնակարանի կարիք ունեն»,-նշում է Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Նառա Մելքումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











