Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանն իր մոտ է հրավիրել Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սաների ծնողներին, որոնք խնդրել էին աշխատանքից չազատել դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին։ Ծնողները գոհունակություն էին հայտնել նրա աշխատանքից և ընդգծել իրենց հարգանքը նրա հանդեպ՝ անկախ անձնական կյանքի մանրամասներից։ Այս մասին նոյեմբերի 17-ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի գնահատմամբ՝ երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը հանրային պաշտոն չէ․ տնօրենը պատասխանատու է սաների ուսուցման և հաստատության այլ գործընթացների կազմակերպման համար։ Ավինյանը հավելեց, որ այդ պաշտոնը համադրելի չէ, օրինակ, Երևանի ավագանու անդամի պաշտոնի հետ։
Նա ենթադրություն հայտնեց, որ տեսանյութը նկարահանել է Մկրտչյանի նախկին ամուսինը և դրանով շանտաժի ենթարկել կնոջը՝ գույքային պահանջներ ներկայացնելու նպատակով։ «Մենք կա՛մ միջամտում ենք անձնական կյանքին, կա՛մ չենք միջամտում, իսկ այս դրվագը վերաբերում է հենց նրանց անձնական կյանքին»,– նշեց քաղաքապետը։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը ծխում է։ Տնօրենը չէր հերքել այդ փաստը՝ նշելով միայն, որ տեսանյութը հրապարակել է իր նախկին ամուսինը։











