«Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում դատախազությանը կոչ է արել կարճել իր գործը՝ հանցակազմի և ապացույցների իսպառ բացակայության հիմքով։

«Ապացույցներ գոյություն չունեն, դուք ինքներդ կարող էիք դրանում համոզվել»,– նշել է Չալաբյանը՝ զարմանք հայտնելով դատախազության համառության առնչությամբ։ Նրա պնդմամբ՝ գործը պետք է կարճվի ապացույցների իսպառ բացակայության հիմքով։

Չալաբյանի խոսքով՝ դատարանում ներկայացված՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպման մի հատվածի ձայնագրության մեջ որևէ հանցակազմ չկա։ Նա պարզաբանել է, որ դա ծանոթանալու նպատակով միանգամայն անմեղ զրույց է։ Միաժամանակ հավելել է, որ ձայնագրության մեջ հավաքված են արտահայտություններ, որոնք կարող են անօրինական գործողությունների տպավորություն ստեղծել, մինչդեռ, ըստ նրա, իրականում զրույցը նման տպավորություն չի թողնում։ Չալաբյանը նաև ընդգծել է, որ զրույցի բովանդակությունն ու մեղադրանքում նկարագրվածը բոլորովին տարբեր են։

«Տեսե՞լ եք նման գործ, որտեղ չկան վկաներ և տուժողներ»,– հարցրել է Չալաբյանը։ Նա նաև հայտնել է, որ չի ճանաչում հաղորդում ներկայացրած անձին։