Վկայի ցուցմունքները հաստատեցին, որ Սամվել Կարապետյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքին։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվում։ Վկան մանրամասն ներկայացրեց, որ խոսքը պետությանը վնաս պատճառելու մասին չէ, իսկ եթե նույնիսկ ի սկզբանե ենթադրենք, որ ինչ-որ բան կա, ապա Սամվել Կարապետյանը դրա հետ առնչություն չունի, հավելեց փաստաբանը։ Ֆերոյանը նկատեց, որ եթե իրականում չարաշահումներ ու խախտումներ տեղի ունեցած լինեին, առաջինը հենց վկան կհայտնվեր ամբաստանյալի աթոռին, քանի որ հենց նա է իրականացրել հաշվապահական աուդիտը։
Ֆերոյանը հայտնեց, որ Կարապետյանի նկատմամբ երկրորդ գործով կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Նրա գնահատմամբ՝ թեև Վերաքննիչ դատարանի հետ առանձնակի հույսեր չեն կապում, անհրաժեշտ է սպառել ներպետական դատական ատյանները։ Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու հնարավորությանը, ապա այդ տարբերակը քննարկվում է, առայժմ որոշում չկա։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տնային կալանքի տակ գտնվող անձին կալանավորելու փորձի նախադեպ կա։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանավորումը։ Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը։ Հատկանշական է, նշեց փաստաբանը, որ դատավորը Նահապետյանն էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայիս ղեկավարը։ Ինչո՞ւ է Կարապետյանի նկատմամբ այլ մոտեցում ցուցաբերվում, հարց բարձրացրեց Ֆերոյանը․ պատճառն ակնհայտ է՝ քաղաքական հետապնդում է իրականացվում։











