Դեռ չեմ հարցաքննվել. երեխային հեռախոս խոստացած ՔՊ Մասիսի համայնքապետի թեկնածու

Այսօր քարոզարշավի առաջին օրն է, շնորհակալ եմ բոլորին, որոնք եկել են, կարծում եմ՝ ասելիք ու անելիքներ շատ են լինելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, Մասիսում քարոզարշավի ժամանակ NEWS.am—ի հետ զրույցում նշեց Մասիսի համայնքապետի ՔՊ–ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը։

«Ունենք շատ ծրագրեր ու այնպիսի ծրագրեր, որ Մասիսը մինչ օրս չի տեսել ու չի լսել։ Շուտով կմանրամասներնք, բոլորը կլսեն։ Ներկա պահին չեմ կարող շատ մանրամասն ներկայացնել։

Մեր շանսերը կարծում եմ՝ ժողովուրդը պետք է գնահատի, բայց կարծում եմ՝ շատ բարձր են, որովհետեւ զգում եմ այդ ուժը»,–ասաց նա։

Հարցին՝ ո՞ր փուլում է հարուցված քրեական գործը, որն առնչվում էր իր կողմից երեխային հեռախոս խոստանալու հետ, արդյոք ինքը հարցաքննվել է, Հովհաննես Հակոբյանը պատասխանեց. «Սպասենք պաշտոնական հաղորդագրությունների։ Ներկա պահին դեռ չեմ հարցաքննվել»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ շուրջ մեկ ամիս առաջ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։

Հովհաննես Հակոբյանը, իր հերթին, ավելի վաղ հայտարարել էր, որ հեռախոսը երեխային կնվիրի ընտրություններից հետո՝ պնդելով, որ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։

Ըստ Քրեական օրենսգրքի՝ ընտրությունները պաշտոնապես նշանակվելուց հետո, մինչև քվեարկության արդյունքներն ամփոփելը, եթե թեկնածուն որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին որևէ ծառայություն կամ ապրանք է խոստանում պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: