Եթե անձի ինքնազգացողությունը վատացած լիներ ավելի շուտ, քան դեպքը պատահելու օրը, դրա մասին մենք տեղյակ կլինեինք, եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ մենք կարող էինք անգործություն դրսևորել, ապա ես վստահ եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները ձայն կբարձրացնեին և կստիպեին մեզ ուշադիր լինել, որ կոնկրետ անձի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հայտարարեց արդարադատության նխարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքին և ընդդիմության պնդումներին, որ նրա ինքնազգացողությունը վատացել է դեպքից երկու օր առաջ, սակայն եկել, ինչ–որ դեղամիջոց են ներարկել ու գնացել, ինչպես նաև դեպքի օրը շտապօգնությունն ուշացումով է հասել։
Գալյանը շարունակեց. «Փառք Աստծո, որ մենք ունենք քրեակատարողական հիմնարկում տեղադրված տեսախցիկ, որը արձանագրել է հստակ րոպեները, թե ինչ հաճախականությամբ են ծառայողները մոտեցել խցին, ինչ արագությամբ է արձագանքում եղել, երբ է գրանցվել շտապօգնության կանչը, երբ է ժամանել շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ։
Անձը մինչև քրեակատարողական հիմնարկ հայտնվելը դատական նիստի ընթացքում իր առողջության հետ կապված որևէ բողոք դիտարկում չի ներկայացրել։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում երբևէ որևէ անհանգստություն չի արտահայտել առողջության վիճակի հետ կապված։
Մենք չունենք փաստաթղթավորված որևէ ազդակ, որ տվյալ անձը իրեն վատ է զգացել։ Ինքնազգացողության վատացումը եղել է հենց դեպքի օրը առավոտյան, ինչին ծառայողները և բժշկական սպասարկում իրականացնող անձինք հրատապ կերպով արձագանքել են և մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից։ Սրանք փաստեր են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք։
Բացի նշվածը, ընթանում է քրեական գործով համապատասխան վարույթ, այսինքն դեպքը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում և իրականացվում է քննություն, և բոլոր փաստերին գործի կողմերը կարող են ծանոթանալ։ Ընդ որում, նաև կարող են ծանոթանալ մեր կողմից իրականացվող ծառայողական քննութան փաստերին։
Շտապօգնությունը տեղ է հասել կանչը գրանցելուց հետո 16–րդ րոպեին, և մահը վրա է հասել պատգարակի վրա, երբ շտապօգնությունը ծառայություն է մատուցել անձին։ Այսինքն խցից անձը դուրս է հանվել միջանցք, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերվի անձին, և մահը արձանագրվել է արդեն այն ժամանակ, երբ շտապօգնությունը եղել է քրեակատարողական հիմնարկում։
Մենք նաև ուսումնասիրել ենք միջին վիճակագրական տևողությունը շտապօգնության տեղ հասնելու, նորման 15 րոպեն է կամ 20 րոպեն, որոշակի բացառությունների դեպքում, 20 րոպեում քաղաքային միջավայրում շտապօգնությունը կանչի դեպքում տեղ է հասնում Եվ այս դեպքում կրկնում եմ, շտապօգնությունը տեղ է հասել 16 րոպեների ընթացքում»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։











