Ընդդիմությունը ներքաղաքական դիսկուրսում ամենամեծ նյարդը առաջացնելու համար անընդհատ խոսում է Ադրբեջանի մասին, Թուրքիայի մասին, տալիս է Ադրբեջանի նախագահի անունը, Թուրքիայի նախագահի անունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեծ հաշվով, սա բնական երևույթ պետք է համարել, որովհետեւ սա արտահայտում է Հայաստանի նախկին միտքը, որի մեջ նաև մենք ենք եղել։ Երբ մենք խոսել ենք խաղաղության մասին, խոսել ենք պայմանական ասած, հեռավոր ինչ–որ երկրների հետ։ Այսինքն մենք խաղաղության մասին քննարկել ենք բոլոր երկրների հետ, բացի այն սուբյեկտի հետ, ում հետ պետք է խաղաղություն հաստատենք։ Ինքը մեր պրոցեսներից դուրս է եղել, հակառակը, իր հետ նույնիսկ շփվելը եղել է պրոբլեմ։

Մենք միշտ օտարերկրյա այցերից վերադարձել ենք ու ասել ենք՝ ժողովուրդ ջան, մենք ունենք լավ նորություն, հաստատել ենք տևական և անշրջելի խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Արգենտինայի հետ։

Մենք բաց ենք թողել մի կարևոր նյուանս, որ մեր խնդիրը խաղաղություն հաստատելն է մեր միջավայրի հետ՝ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ։ Ու հիմա քանի որ մեր ավանդույթի մեջ, մտածողության մեջ դա չկա, ասում են՝ արա, գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած, փոխարեն գնաք նրանց հետ խաղաղություն հաստատեք, հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»,–ասաց Փաշինյանը։

Նա կոչ արեց չտրվել գայթակղությանը, երբ մեկը մյուսին մեղադրում է Ադրբեջանի հետ համագործելու մեջ. «Մենք հիմա այստե՞ղ ենք ապրում, թե Ավստրալիայում։ Գիտեք չէ՞, Խորհրդային Միության ժամանակ այդպիսի բան է եղել, ասել են՝ դիմենք, որ մեզ Ավստրալիայում մի կտոր հող տան, ի վերջո գնանք այնտեղ խաղաղ ապրենք, որովհետև այստեղ խաղաղ ապրելը մեր ավանդույթի մեջ չի, դա խելամիտ չի, դա երաշխավորված չի։

Մենք այո, խոսում ենք, աշխատում ենք, բանակցում ենք, քննարկում ենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մեր հարևանների հետ առաջին հերթին, որովհետև խաղաղությունը իրենց հետ պետք է հաստատենք։ Ոչ մի մեծ տաղանդ պետք չի գնալ և ասենք Նոր Զելանդիայի հետ անշրջելի և տևական խաղաղություն հաստատելու համար»։