Պարոն Միրզոյան, դուք ասել եք, որ Ադրբեջանի նախագահն ասել է, որ եթե սահմանադրության փոփոխությունըչլինի, իրենք չեն ստորագրելու խաղաղության պայմանագիրը, իսկ վերջերս Փաշինյանը իրարամերժ հայտարարություն արեց, որ սահմանադրության ընդունումը դեռ չի երաշխավորում, որ Ալիևը կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով կառավարությանը, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։
«Այս հարցի վերաբերյալ ձեր վարքագիծը ստեղծում է մի իրավիճակ, որ եթե սահմանադրությունը Ալիևի պահանջով չփոխվի, ուրեմն հայ ժողովուրդն է խոչնդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Սակայն առնվազն երկու գործոն կա, որ փաստում է, որ մենք Ադրբեջանի պատճառով հեռու ենք խաղաղությունից։ Դա մեր առնվազն 19 հայրենակիցների Բաքվում գտնվելն է և, Հայաստանի օկուպացված տարածքները։
Արդյոք դուք Ալիևի և ադրբեջանցի ձեր գործընկերների հետ հանդիպումներում առաջարկել եք, որ եթե իսկապես Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա գերիների վերադարձով և ՀՀ տարածքից դուրս գալով որոշակի մթնոլորտ կփոխվի մեր հանրային ընկալման մեջ՝ Ադրբեջանի խաղաղության ձգտումների վերաբերյալ»,–ասաց նա։
Ի պատասխան ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք ունենք հաստատված խաղաղություն մի երկրի հետ, որը մեր հարևանն է, և սովորաբար խաղաղությունը հարևանների միջև են հաստատվում, որոնց հետ ունեցել են կոնֆլիկտներ։ Հիմա այս խաղաղությունն ունի մի փաստաթուղթ, ունի հայտարարություններ և ունի վերջնական համաձայնագիրը, որը նախաստորագրված է։ Հիմա ասում ենք՝ ունե՞նք խաղաղություն՝ ունենք։ Ունե՞նք տարանցիկություն՝ ունենք, ունենք։ Ունե՞նք երկկողմ առևտուր՝ ունենք։ Ունե՞նք այլ բաներ, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը՝ ունենք։ Հիմա պետք է գնանք վերջնական ստորագրման, ինստիտուցիոնալացման ճանապարհով, որպեսզի այդ կոնֆլիկտը փակենք, որպեսզի ՀՀ–ի համար հնարավոր լինի սկսել երկարատև խաղաղության, զարգացման բարգավաճման դարաշրջան։
Հիմա կա՞ն գործոններ, որոնք մնացել են հակամարտության դարաշրջանից։ Այո, իհարկե կան։ Դա մի կնոպկով չի լինում, դա քայլ–քայլ ջանք ջանքի հետից, աղյուս աղյուսի վրա դնելով պետք է կառուցել այդ խաղաղությունը։ Այո, կան Բաքվում պահվող անձինք և դա չի նպաստում խաղաղությունը, բայց միաժամանակ, եթե մենք գնանք ասենք՝ մինչև էս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության պայմանագիրը, ո՞նց եք կարծում, սա՞ ավելի շուտ կմոտեցնի մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ եթե գնանք ասենք՝ խաղաղությունը ստորագրում ենք, այս մի հարցում էլ ենք համագործակցում և մի օր, տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ մնացած հարցերը էլ ավելի հեշտ կլինի հասցեագրել»։ Անդրադառնալով նոր սահմանադրության ընդուման խնդրին, Արարատ Միրզոյանը նշեց. «ՀՀ առջև այդպիսի պահանջ չի դրված։ Չկա այդպիսի իրավիճակ, որ հանդիպում են կողմերը և մեզ ասում են՝ հիմա մեր հաջորդ պահանջը, մենք պահանջում ենք փոխեք սահմանադրությունը, կլինի՝ կլինի, չէ՝ խաղաղություն չի լինի։
Այսօր չկա փոփոխված սահմանադրություն կամ ընդունված նոր սահմանադրություն, բայց կա խաղաղություն։ Մի բան է, որ բանակցային պահանջ է, մեկ այլ բան է, որ մյուս կողմ ասում է՝ շատ լավ, նախաստորագրել ենք, ունենք խաղաղություն, բայց վերջնական ակտը ես չեմ անելու, քանի դեռ չլինի ձեր սահմանադրության փոփոխություն կամ նորի ընդունում։ Սա պահանջ չի, սա մեր ներքին օրակարգն է։ Ժխտել իր միջազգային արձագանքը և դիրքավորումը, դա էլ չենք կարող, ախր էդ անտերը սև-սպիտակ չի»։
Սյուզաննա Ավետիսյանը խորհուրդ տվեց Արարատ Միրզոյանին՝ գնալ ու զոհվածների հարազատներից հարցնել՝ կա՞ խաղաղություն, թե՞ ոչ։ Սրան ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Շատ լավ, ես էլ ձեզ խորհուրդ կտամ գնալ և հանդիպել հազարավոր զինծառայողների ընտանիքների անդամներին և հարցնել՝ կա՞ խաղաղություն, թե՞ ոչ։ Ես էլ ձեզ խորհուրդ կտամ գնալ հանդիպել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներին, Վազաշենի բնակիչներին, Կիրանցի բնակիչներին, կա՞ խաղաղություն, թե՞ չկա։ Վախենամ այնպես ճշմարիտություն իմանաք, որ չիմանաք էլ հետո գաք այստեղ ինչ խոսաք։
Ձեզ թվում է, որ անընդհատ էդ զգայուն հարցերը մանիպուլացնելով դուք եք բան շահո՞ւմ, ձեզ թվում է յանի թե դուք Ջերմուկի մասին ավելի եք մտածում, քան ե՞ս։ Չարաչար սխալվում եք։ Ձեզ թվում է դուք գերիների մասին ավելի եք մտածում, քան ե՞ս։ Ո՞նց եք չափում հայրենասիրությունը, կա՞ սպիդոմետր, մետր, կշեռք։ Հլը եկեք հանեք, չափենք, հերիք եղավ էլի, խաղաղություն լինելու է։ Մեռնեք էլ լինելու է»։











