Նիկոլ Վովայի Փաշինյան, դուք credibility չունեք մեր ժողովրդի առնվազն 50 տոկոսի մոտ, դուք մտածում եք, որ մենք այնքան միամիտ ենք, որ կհավատանք, որ դուք ինքնակամ կլքեք ձեր պաշտոնը այս կամ այն հանգամանքով պայմանավորվա՞ծ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Բնականաբար, ոչ։ Ոչ միայն ձեզ չենք վստահում, տասնապատիկ ու հարյուրապատիկ անգամ Ալիևին չենք վստահում։ Մշտապես Ալիևը ձեր քթից բռնած տարել է, ասել է՝ էս էլ անեք, խաղաղություն է, էս մեկն էլ անեք, խաղաղություն է, ու այդպես էլ տեղ չեք հասել։ Դուք մտածում եք, որ խաղաղության խոչընդոտը Հայաստանում է։ Հայ ժողովուրդն ու Հայաստանը երբեք ագրեսոր չեն եղել։ Խոչընդոտը Հայաստանի քաղաքական էլիտան չի, այլ Ադրբեջանը։ Այո, Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու, ուզում եք քինգ քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ Ոչ, Нет, No, Nein: Ինչ ասես արել եք, բայց այս ընդդիմությունը դեռևս գոյություն ունի։ Նույնիսկ եթե գինը այս խորհրդարանում չլինելն է, պատրաստ ենք նաև վճարել այդ գինը»,–ասաց նա։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք ասացիք՝ այս ընդդիմությունը դեռևս գոյություն ունի։ Ձեր ասածի մեջ բանալի բառը «դեռևս»–ն է։
Ես պարզ բան եմ ասում, Հայաստանում սահմանադրությունները միշտ կեղծվել են, ընդ որում, կեղծվել են նաև ձեզ հայտնի և ձեզ մոտակա ուժերի մասնակցությամբ։ Ես ասում եմ՝ ՀՀ–ում ընդունվելու է ՀՀ քաղաքացու սահմանադրությունը, ընդունվելու է սահմանադրություն, որին ՀՀ ժողովուրդը կողմ է քվեարկելու։ Սա թափանցիկ քաղաքական ծրագիր է, որը ես օգտագործելու եմ։ Բոլոր սցենարների դեպքում էլ ես հեռանալու եմ՝ անկախ նրանից, թե դուք ինչ եք մտածում։ Պրոբլեմն այն է, որ դուք անընդհատ նույն տեքստերն եք ասում, ու ձեր տեքստերը չեն զարգանում, դուք նույն բանն եք ասում։ Դուք ինձ եք ասում, բայց դուք էլ ձեր ասածներից հրաժարվել եք։ Վերջին անգամ ե՞րբ եք ասել՝ Կովսական, Սանասար։ Դուք Դաշնակցության հետ համագործակցում եք, ասեք՝ ծովից ծով Հայաստանը ձեր քաղաքական նպատակների մեջ կա՞, թե՞ չէ։ Միացյալ Հայաստանը ձեր քաղաքական նպատակների մեջ կա, թե՞ չէ։ Եթե կա, ուրեմն դուք Հայաստանը տանում եք դեպի պատերազմ և կործանում։ Դուք տանում եք նույն ճանապարհով, որով տարել ենք 1918 թվականին»։
Աննա Գրիգորյանն իր հերթին նշեց. «Ասում եք՝ սահմանադրությունները կեղծվել են։ 8 տարի լավ էլ տեղավորված էիք այդ սահմանադրության մեջ, էդ ի՞նչ մեղու ձեզ կծեց, կարող ա՞ բեղավոր մեղու էր ուղղակի։ Ակնհայտ է, որ կա ադրբեջանական պահանջ և դրա կատարման ուղղությամբ եք դուք գնում։ Ոչ ոք ծովից ծով Հայաստանից չի խոսում, խնդիրը հետևյալն է՝ կարողանո՞ւմ ենք մենք մեր ինքնիշխանությունը պահել։ Այսօր Ալիևը պահանջում է հանրքավե, Ռուսաստանն էլ է պահանջում հանրաքվե, էն մյուսն էլ է պահանջում։ Կրա՞կն ենք ընկել բոլորի ձեռքը։ Չէ, ձեզ ուղղակի պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք նորմալ ընտրություն կատարել և ինքնիշխանությունը պահել»։
Փաշինյանը ժպիտով արձագանքեց. «Բա ես էլ դա եմ ասում՝ հեռացրեք։ Երկրորդը, 2020–ից հետո նույն Ալիևը ասել է, որ մենք պետք է խաղաղության հասնենք։ Ձեր տրամաբանությամբ պետք է մերժենք խաղաղությունը, էդ եք ուզո՞ւմ։ Ասում եք՝ կա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունք։ Ես ասում եմ՝ ոչ մի խնդիր չկա, կարող եք ասել՝ Արցախ, Արցախի Հանրապետություն, կարող եք ասեք՝ վերադարձ, վերադարձի իրավունք, բայց եկեք պատրաստ լինենք, որ դրան ի արձագանք լինելու է 300 հազար ադրբեջանցիների թեմա։ Եկեք պատրաստ լինենք, որ Վարդենիսին ասելու են՝ Բասարգեչար, ասելու են Զանգիբասար։
Ես պաշտոնապես ակնկալում եմ, որ «Հայաստան» խմբակցությունը հրապարակային պարզաբանի իր դիրքորոշումը՝ «միացյալ Հայաստանը» իր օրակարգում կա՞, թե՞ իրենք դավաճանաբար հրաժարբվել են «միացյալ Հայաստանի» օրակարգից»։











