ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատել է դեկտեմբերին երեք անգամ Ռուսաստան այցելելու մասին տեղեկությունը։

Նրա խոսքով՝ նախատեսված է Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների առաջնորդների ձևաչափով հանդիպում։ Դեկտեմբերի 11–12-ին վարչապետերի մակարդակով հանդիպումը նույնպես վաղուց էր նախատեսված։

Նախնական պայմանավորվածություն կա նաև դեկտեմբերի 3-ին Փաշինյանի՝ Մոսկվա աշխատանքային այցի և ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով ՌԴ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ։ «Ամեն ինչի մասին նախապես հաղորդվել է»,– նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով Մոսկվայի շեշտադրած՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ այն օրակարգում է հայտնվել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների արդյունքում, և այստեղ ՌԴ-ին առաջնային դեր չի վերապահվում։

Փաշինյանը նշել է, որ իրենք նույնպես ընդունում են հանրաքվեի անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հարցը ժամկետներն են և այն, թե որքանով են հասունացել դրա հետ կապված գործընթացները։