Հակասահմանադրական ճանաչված հոդվածով գործով Հակակոռուպցիոն դատարանի նիստը սկսվեց ընդմիջումով։ Բանն այն է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը զբաղված է մեկ այլ գործով, որի նիստը նշանակված է նույն ժամին։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը կես ժամ ընդմիջում հայտարարեց՝ Օրբելյանից պահանջելով հասնել մյուս նիստի հետաձգմանը և ներկայանալ դատարան, հակառակ դեպքում փաստաբանի բացակայությունը կհամարվի անհարգելի։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի՝ գործով մեղադրյալներ են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հիմքում ընկած հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Որոշումը բողոքարկվել էր, գործը փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարան։











