Կարծում եմ՝ ՔՊ խմբակցության պատգամավորներից ամենաառաջինը, ով ելույթ ունեցավ, պետք է անդրադառնար այն բառամթերքին, այն արտահայտություններին, որոնց հեղինակը հանդիսացել է ՔՊ կուսակցության առաջնորդը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, ԱԺ–ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

«Ես չեմ տեսել եվրոպական, ժողովրդավարական, եվրաինտեգրմանը ձգտող որևէ մի երկրի առաջնորդ, ով նման բառամթերք օգտագործի և իրեն վերահսկողներից որևէ մեկը չքննադատի։ Այստեղից առաջանում է ժողովրդավարության ճգնաժամը, որովհետև ձեզանից որևէ մեկը չի կարող դատապարտել այդ արտահայտությունները, ընդհուպ մինչև կնոջ նկատմամբ այն արտահայտությունը, լրագրողի նկատմամբ այն արտահայտությունը, որը տեղի էր ունեցել։ Հետևաբար առաջինը պետք է սկսել դրանից։

Հաջորդը, ես լսեցի Ռուբեն Ռուբինյանի ելույթը, ի տարբերություն իմ կողմից ուղիղ դատապարտվող ելույթի, այդ ելույթում վիրավորական, պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի վարքին անհամապատասխան վարքագիծ չկար։ Ստացվում է, որ այդպես էլ է լինում։

Ռուբինյանը նշեց որ սահմանին երկու տարուց ավելի է՝ կրակոցներ չկան։ Իսկ ինչի՞ համար կրակոցներ չկան։ Պատասխանը շատ պարզ է, կրակոցները տեղի էին ունենում Արցախի հիմնահարցի պայմաններում, երբ Արցախի հիմնահարցի էջը հազարավոր զոհերի պայմաններում դուք փակել եք, դրա հաշվին կրակոցներ չկան։ Բայց դա ձեռքբերու՞մ է։ Ոչ։ Արդյոք նշվածը երաշխիք է, որ կրակոցներ նորից չեն լինելու։ Ցավոք սրտի ոչ, որովհետև հենց հիմա մեր ինքնիշխան տարածքում կա օկուպացիա։

Ամփոփելով խոսքս, խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է, իր բոլոր թերություններով հանդերձ ասում ենք՝ բերեք, ստորագրենք, վավերացնենք, ասում ենք՝ կլինենք իշխանություն, մենք այդ պայմանագիրը կստորագրենք։ Եթե պետք է՝ տանենք հիմա էլ Սահմանադրական դատարան, ես էլ ներկայացուցիչ էլ հանդես կգամ»,–ասաց նա։