Երևանում քննարկել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ՄԱԶԾ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության «Քաղաքային ֆինանսների խորհրդատվական գործիք» (CFAF) ծրագրի առաջին փուլը։

Ծրագրի շրջանակում Ստեփանավան և Տաշիր համայնքները ստացել են 60-հազարական դոլարի դրամաշնորհ՝ զարգացման առաջնահերթ ծրագրերի տեխնիկական մանրամասները մշակելու և հետագա ներդրումների համար նախապատրաստելու նպատակով։

Ստեփանավանում նախատեսվում է ստեղծել ներհամայնքային տրանսպորտային ցանց, իսկ Տաշիրում՝ արդիականացնել անցյալ դարի 60-ական թվականներին կառուցված ջրատար համակարգը, որը սպասարկում է 10-11 բնակավայր։

Նախաձեռնության առանձնահատկությունն այն է, որ այն չի սահմանափակվում համայնքներին դրամաշնորհներ տրամադրելով։ Ծրագրի շրջանակում համայնքապետարանների աշխատակիցներն աջակցություն են ստանում սեփական խնդիրները բացահայտելու, լուծումներ մշակելու և ներդրումային ծրագրեր նախապատրաստելու հարցում։

Ծրագրի ղեկավար Քրիստ Մարուքյանի խոսքով՝ այս մոտեցումը հնարավորություն է տալիս համայնքներում ձևավորելու մասնագիտական թիմեր, որոնք կարող են ինքնուրույն մշակել զարգացման ծրագրեր և հետագայում դրանց իրականացման համար ֆինանսավորում ներգրավել։

Ծրագրի կարևոր նպատակներից է համայնքների համար ֆինանսավորման նոր աղբյուրների հասանելիության ընդլայնումը։ Դրանք կարող են լինել պետական միջոցները, միջազգային դոնորների աջակցությունը, ֆինանսական հաստատությունների վարկային ու ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրումները։

CFAF ծրագրի առաջին փուլի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վեց համայնքների, որոնք ընտրվել են հայտ ներկայացրած 88 համայնքներից։ Հաջորդ տարի ֆինանսական և ներդրումային կարողությունների զարգացման հնարավորություններ կստանան նաև Գորիսը, Ապարանը, Նոյեմբերյանը, Չարենցավանը և Գավառը։