Երևանի տրանսպորտային կոլապսը տասնամյակներ շարունակ մետրոպոլիտենի չզարգացման հետևանքն է։ Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած պանելային քննարկման ընթացքում հայտարարել է էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանին ինչպիսի ԱԷԿ է անհրաժեշտ՝ մոդուլայի՞ն, թե՞ դասական, Մարջանյանը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականին փորձագետները եկել էին այն եզրակացության, որ երկրին անհրաժեշտ է 1200–1500 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ։ «Սա մասնագետների համար նորություն չէ։ Նորությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները հանգում են ավելի մասնագիտական դիրքորոշման՝ գիտակցելով տնտեսության իրական կարիքները և այն, որ մոդուլային կայանները մինչև 2036–2037 թթ. հեռանկարում այնքան էլ իրատեսական չեն», — նշել է Մարջանյանը։
Փորձագետը թվարկել է մի շարք ուղղություններ, որոնց համար էներգետիկայի զարգացումը չափազանց կարևոր նշանակություն ունի։
Նրա խոսքով՝ Հայաստանին խիստ անհրաժեշտ է Սյունիքի վերածնունդը, այդ թվում՝ պղնձի և մոլիբդենի վերամշակման գործարանների կառուցումը։ Անհրաժեշտ է նաև էլեկտրատրանսպորտի զարգացումը՝ ընդ որում, ոչ միայն երկաթուղայինի։ «Ամոթալի իրավիճակ է․ Երևանում տրանսպորտային կոլապսը տասնամյակներ շարունակ մետրոպոլիտենի չզարգացման հետևանքն է։ Ծրագրով նախատեսվում էր 3 գիծ և 24 կայարան։ Այժմ կա 1 գիծ և 9 կայարան։ Այդ պատճառով բնակիչները որոշել են, որ հույսը միայն իրենց և սեփական ավտոմեքենաների վրա է», — ընդգծել է Մարջանյանը։
Այնուհետև նա մատնանշել է քիմիական արդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ այդ ոլորտում Հայաստանը տարիներ շարունակ առաջատար դիրքեր էր զբաղեցնում։ Նա կարևորել է նաև նոր ուղղության՝ տվյալների կենտրոնների զարգացումը։
Փորձագետն ընդգծել է Հայաստանը էներգետիկ հանգույցի վերածելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրա ներուժը կա։ Նրա խոսքով՝ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը էլեկտրաէներգիայի արտահանման հարցում չի զիջում Իրանին, Թուրքիային և Ադրբեջանին և տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի կանաչ էլեկտրաէներգիայի արտահանման զգալի ներուժ։











