Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն: Այդ մասին տեսանյութը հրապարկվել է վարչապետի Facebook–ի էջում:

Ռումինիայի «Կոտրոչենի» նախագահական նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հանդիպումը։ Հայաստանի վարչապետի ու Ռումինիայի նախագահի առանձնազրույցից հետո նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպում։

Հայաստանի պատվիրակության կազմից ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգիան Գալստյանը և այլք։

Ռումինիայի պատվիրակությունում ընդգրկված են Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարիուս Լազուրկան, Ռումինիայի նախագահի խորհրդական Դիանա Յանկուն, Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և այլք։

Հանդիպման օրակարգում Հայաստան֊Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարներն են, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հարցերը:

Անդրադարձ կկատարվի նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին: Նախատեսված է Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրում, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Նիկուշոր Դանը հանդես կգան մամուլի ասուլիսով։