Անձնագիրը սահմանահատումների ժամանակ օգտագործվող փաստաթուղթ է, և այս տեսանկյունից միջազգային ստանդարտները, փորձառությունը, մեր միջազգային գործընկերների հետ կոնսուլտացիաները, տարբեր երկրների ունեցած բացասական փորձառությունները պիտի հաշվի առնենք։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում որպես ծննդավայր նշվում է «Ադրբեջան»։

«ICAO-ն ընդհանուր առմամբ ունի ստանդարտ, որը անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգը նախատեսում է և ծննդյան վայրը դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր։ Կարող ես պետությունը նշես, կարող ես քաղաք նշել, կարող ես բնակավայր նշես։ Սրա կողքին մենք ունենք ISO ստանդարտ, որը միջազգայնորեն ընդունված, ճանաչված տեղանունների բավական մեծ լիստ է հաստատված և այս տրամաբանությունը ևս աշխատում է։ Мենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակըч հաշվի առնելով նույն ԻԿԱՕ-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները, հընթացս տարբեր իրավիճակներում, տարբեր պետությունների համար ծագած խնդիրները: Մենք որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների կրկնությունը կամ քաղաքների՝ միջազգային ստանդարտներում նշված չլինելու տեսանկյունից կարող են սահմանին խնդիրներ առաջացնել։

Եթե մենք, օրինակ, նույնիսկ որոշեինք, որ գնալու ենք բնակավայրը նշելու ճանապարհով, պիտի առաջնորդվեինք ISO ստանդարտով։ ISO ստանդարտով Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում։ Եթե բացեք ԻՍՕ ստանդարտը, կնկատեք, որ տեղանունները միջազգայնորեն ճանաչված տերմիններով են կոչվում։

Միջազգային ստանդարտը շատ հստակ է, դա ոչ թե անձի կամարտահայտությունն է, ուզել կամ չուզել իր անձնագրում նշվի, այլ դա պետությունների ցանկությունն է՝ ծննդավայր դաշտը նշվի կամ ծննդավայր դաշտը ինչպես նշվի։

Այսինքն եթե մեկը այցելի գրասենյակ և ասի ես չեմ ցանկանում ծննդյան վայրը դաշտում նշվի որևէ բան, այդպես լինել չի կարող, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը առաջնորդվում է կոնկրետ միջազգային ստանդարտով և ես նշեցի թե որքան խնդիրներ են առաջանում տարբեր երկրների մոտ, երբ ծննդյան վայրը դաշտը չի նշվում»,–ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ պետք է հաշվի առնվեն նաև քաղաքական առկա զգայունությունները կոնկրետ պետություններում և հաշվի առնվի՝ արդյոք տվյալ պետության կամ տարածքի անվանումը ճանաչված է այլ պետությունների կողմից, օրինակ, վիզային ընդհանուր քաղաքականության շրջանակներում, թե ոչ։

«ԻԿԱՕ-ն շատ հստակ նախատեսում է, որ դու չես կարող որպես պետություն քո ցանկություններից ելնելով նշել և հասկանալ, թե ծննդյան վայրը դաշտում ինչ պիտի նշվի։ Դու պիտի հասկանաս, որ կա քաղաքական զգայունություն, թե չկա, կամ տվյալ պետությունը կամ տարածքը ճանաչված է միջազգայնորեն ընդհանուր առմամբ, թե ճանաչված չէ»։