ԱՄՆ-ում այսօր նշում են Փքաբլիթի օրը: Այն նշում են  ամեն տարի ամռան առաջին ամսվա առաջին ուրբաթ օրը:

Տոնը ծագել է 1938 թվականին Չիկագոյում, որտեղ փրկության բանակի աշխատակիցները որոշել էին հիշել քաջ ամերիկուհիներին, որոնք փքաբլիթներ են բաժանել  Եվրոպայում ամերիկացի զինվորներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ էժան ուտելիքով կերակրել Չիկագոյի քաղցած բնակիչներին:

1917 թվականին Ֆրանսիա են ուղեւորվել «Փրկության բանակի» 250 կամավորներ` ամերիկյան զինվորներին աջակցելու համար: Համեղ փքաբլիթները սուրճի եւ թեյի հետ վայրկենական տարածում են գտել զինվորականների շրջանում: Տուն վերադառնալով` ամերիկացի զինվորները փքաբլիթների հանդեպ սիրով են վարակել նաեւ  հայրենակիցներին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Փքաբլիթի օրվա առանձնահատուկ գիծն այն է, որ այդ օրը միայն տարին մեկ անգամ ամերիկացիները տասնյակ հազարավոր խանութներում եւ սրճարաններում կարող են  փքաբլիթներ ճաշակել անվճար: Նախկինում փքաբլիթների բաժանմամբ զբաղվել են միայն հատուկ մասնագիտացված «փքաբլիթյան» հաստատությունները, սակայն 2009 թվականին ակցիային են միացել նաեւ խոշոր ռիթեյլորական ցանցերը: