Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում կողոպտում Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Գենադի Գուդկովին:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Պատգամավորից գողացել են ոչ միայն դրամապանակը, որտեղ եղել են բանկային քարտեր, այլեւ անձնագիրը, Պետդումայի անցագիրը եւ բժշկական ապահովագրության փաստաթուղթը:
Գողության փաստը հայտնաբերելուց հետո նա անմիջապես արգելափակել է բանկային քարտերը, ապա գնացել ոստիկանություն եւ գողության մասին հայտարարություն տվել:
Գենադի Գուդկովի որդին` Դմիտրին, իր Twitter-ում գրել է, որ հանցագործը գողացված փաստաթղթերը թողել է կողքի մթերային խանութում: Նրանց խանութում հայտնել են, որ եկավ մի մարդ եւ ասաց. «Մի մեծ մարդ փաստաթղթեր է կորցրել, դուք նրան հեշտությամբ կգտնեք»: Խանութում տեսախցիկներ են եղել եւ ելնելով տեսաձայնագրությունից, փաստաթղթերը վերադարձրել է հենց այն մարդը, ով գողացել էր դրանք:
«Այ քեզ հիմար»,-գողի հասցեին գրել է Գուդկով-կրտսերը:











